Տեղամասային ընտրական հանձնաժողովներում 573 թափուր տեղ կա
ՀՀ թվով 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի 573 թափուր տեղ կա, այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած մամուլի հայտարարությունից։
Ընդհանուր առմամսբ, տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է նշանակվեին 15.904 քաղաքացիներ, սակայն նշանակվել են 15.331 քաղաքացիներ:
Թափուր տեղերը Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը մինչև 2013 թվականի հունվարի 24-ը` ժամը 18:00-ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվող անդամների հայտերը:
Սահմանված ժամկետում ԱԺ–ում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը:
«Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից 51 տեղամասային ընտրական հանձնաժողովներում և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
«Օրինաց երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում:










