Ջավախքում Վահագն Չախալյանին դիմավորել են մեծ ոգևորությամբ (լուսանկարներ)

15:16 • 25.01.13

2013 թ.-ը ջավախահայերի համար սկսվեց սպասված ու այնքան նվիրական ավետիսով՝ Վրաստանում հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատության լուրով։ Այս մասին նշվում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանի տարածած հղորդագրությունում։


Նշվում է նաև, որ հունվարի 24-ի կեսգիշերն անց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը լի է եղել հայրենի քաղաք վերադարձող հայորդուն դիմավորող հոծ բազմությամբ։ «Բոլորն հավաքվել են մի սպասումով՝ բարի լուրն իրենց աչքերով տեսնելու, և կարծես, շոշափելու ակնկալիքով։ Հրավառության, ծափողջույնների, երաժշտության ու ջերմ մթնոլորտում չորսուկես տարով բացակայած արդարության մարտիկն էր վերադառնում հայրենի Եկեղեցի, քաղաք ու ընտանիք։ Մի հավատավոր բազմություն էլ արդեն Եկեղեցում էր՝ վառված մոմերով ու աղոթքով դիմավորելու համար իրենց սիրելի եղբորն ու զավակին»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։


Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից հայտնում են նաև, որ եկեղեցում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Հայր Բաբգէն աբեղա Սալբիյանի հանդիսապետությամբ ողջ հոգևոր դասն ու պաշտոնեությունը Վահագն Չախալյանի հետ միասին գոհաբանական աղոթք են առաքել առ Բարձրյալն Աստված։ «Միասնական աղոթքից հետո Վահագնը ծնրադրելով Սբ Եկեղեցու ատյանում՝ իրեն այնքան փափագելի ու կարոտած աղոթքը լսեց Հայր Սուրբի կողմից՝ որպես օրհնություն նոր կյանք սկսելու Տիրոջ զորությամբ և իմաստությամբ։ Հայր Բաբգէնը ողջ ժողովրդին շնորհավորելով այս հրաշալի իրողության առթիվ՝ նշեց նաև այն կարևորագույն դերակատարումը, որ ունեցավ ազգիս Վեհափառ Տերն ու Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմն ի գլուխ Տ. Վազգեն եպս Միրզախանյանի։ Գաղտնիք չէր, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բազում ատյաններից հնչեցրել էր այն անարդար դատը, որ կայացվել էր իր Եկեղեցու ջերմեռանդ և հայրենանվեր զավակի հանդեպ՝ ողջ ուշադրությունը սևեռելով այսօրվա մեր վայելած հաղթանակին»,- նշվում է հաղորդագրությունում։