Սողոմոնյան կղզիներում ի նշան բողոքի 900 դելֆին է սպանվել
Խաղաղ օվկիանոսի Մալաիթա կղզու Ֆալանեի բնակավայրի բնակիչները դելֆինների զանգվածային սպանդ են կազմակերպել, հայտնում է Russia Today-ը։
Համաշխարհային էկոհամակարգի պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտը խոստացել է նրանց վճարել 400 հազ. դոլար դելֆինների ավանդական որսից հրաժարվելու համար, սակայն բնակիչները հավաստիացնում են, որ ստացել են այդ գումարի միայն մեկ երրորդը և, ի նշան բողոքի, սպանել են դելֆիններին։
900 դելֆինի սպանդն առաջացրել է ամբողջ աշխարհի էկոլոգների զայրույթը։ Իրենց հերթին բնակիչները վստահ են, որ ճիշտ են վարվել։ Նրանք վստահեցնում են, որ ամերիկյան Earth Island Institute-ը խախտել է նախկինում կնքված գործարքի պայմանները. խոստացված 400 հազ. դոլարի փոխարեն վճարել է 130 հազ. դոլար։
Earth Island Institute-ի տնօրեն Լոուրենս Մակիլին որսորդների արարքը համարել է «չարիք» և հայտնել, որ կազմակերպությունն այլևս գումար չի տա Մալաիթիի բնակիչներին։ Նա ավելացրել է նաև, որ ինստիտուտը կատարել է պայմանագրի իր բաժինը և սկսել է գումարը վճարել մաս-մաս, որի համար պահանջվում էր 2 տարի։
Կազմակերպությունը ստեղծել է նաև մի շարք նախագծեր, որոնք կօգնեին բնակիչներին գումար վաստակել, ասել է Մակիլին։










