Գորբաչովը հանդիպել է իր «վաղեմի ընկերոջ»՝ Առնոլդ Շվարցենեգերի հետ

22:17 • 25.01.13

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովն այսօր հանդիպել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի հետ, ով այցի շրջանակներում Մոսկվա է ժամանել, հաղորդում է Корреспондент.net -ը:


Ինչպես նշել է Գորբաչովը, դա «երկու հին ընկերների հանդիպում էր»: «Մենք, իսկապես վաղուց ենք իրար ճանաչում, և երբ դեռ Ռաիսան (Գորբաչովի կինը) ողջ էր, տարբեր միջոցառումների ենք մասնակցել` ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային», - հայտարարել է Գորբաչովը:


Հայտնի է, որ հանդիպման ժամանակ Գորբաչովը Շվարցենեգերին հարցուփորձ է արել վերջին ֆիլմի մասին, իսկ Շվարցենեգերը Գորբաչովին` առողջության:


Գորբաչովը նշել է, որ նախկին նահանգապետը մտադիր չէ դադարեցնել քաղաքական գործունեությունը և շատ է հետաքրքրված Ռուսաստանի իրադրությամբ:


«Ես նրան ասել եմ, որ որոշակի առաջընթաց ևս կա, սակայն, ամեն դեպքում, խնդիրները շատ են, և դրանք իրենց լուծմանն են սպասում», - ասել է Գորբաչովը:


Առնոլդն իր հերթին նշել է, որ պետք է մտածել այն մասին, թե ինչպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունները վերադարձնել այն մակարդակին, ինչպիսին դրանք եղան «սառը պատերազմից» հետո: