Իտալիայում կանցկացվի հնագույն սիցիլիական դիմակահանդեսը

14:37 • 25.01.13

Սիցիլիայի Աչիրեալե քաղաքում հունվարի 26-ից փետրվարի 12-ը կանցկացվի ավանդական դիմակահանդեսը, որը համարվում է ամենագեղեցիկն ու ամենահինը Սիցիլիայում, հայտնում է Euromag-ը։

 

Առաջին անգամ այստեղ դիմակահանդեսն անցկացվել է 16-րդ դարի վերջին։ Քաղաքի կենտրոնով առավոտյան և երեկոյան կանցնեն ծաղիկներով ծածկված քարշակներ ու հսկայական կերպարներով հարթակներ, որոնք ստեղծվել են տեղի վարպետների կողմից։

 

Դիմակահանդեսային երթում հնարավոր կլինի տեսնել բազմաթիվ դիմակավոր անձանց, լարախաղացների, կլինեն երաժշտական, կատակերգական և ֆոլկլորային խմբեր՝ Իտալիայից և եվրոպական այլ քաղաքներից, որոնք կցուցադրեն իրենց արվեստը պատմական քաղաքի հրապարակներում և փողոցներում։

 

Դիմակահանդեսը կսկսվի հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, քաղաքի խորհրդանշական բանալիները Բուրլոն թագավորին հանձնելու արարողությամբ։