ԿԺԴՀ-ն Կորեայի ապամիջուկայնացման մասին փաստաթուղթն անվանել է ուժը կորցրած
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) իշխանություններն այլևս իրենց չեն համարում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մասին հռչակագրին կապված, որը համաձայնեցվել է Հյուսիսի և Հարավի միջև 1992թ.-ին, հայտնում է Взгляд-ը։
Ինչպես նշվում է միջկորեական հարաբերություններով զբաղվող Հանուն հայրենիքի խաղաղ միավորման հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ, այս փաստաթուղթն «ուժը կորցրել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից իրականացվող միջուկային շանտաժի քաղաքականության պատճառով», հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համապատասխան բանաձևով քննադատել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը, ինչպես նաև ընդլայնել երկրի նկատմամբ պատժամիջոցները։
Հս. Կորեայի իշխանություններն արդեն արձագանքել են նոր բանաձևին՝ հայտարարելով, որ կուժեղացնեն երկրի ռազմական հզորությունը և կշարունակեն զարգացնել միջուկային ծրագիրը։










