Մհեր Սեդրակյանն այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողով չի ներկայացել և բացատրություն չի տվել
Այսօր ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում քննարկվել է երկու հարց. 27.11.2012-ի Ա. Ռուստամյանի դիմումի վերաբերյալ պատգամավորների պարզաբանումներն ու «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ » հակակոռուպցիոն կենտրոնի 24.12.2012թ-ի դիմումի վերաբերյալ պարզաբանումները: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
Հիշեցնենք, որ հարցերից առաջինը վերաբերում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնության քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի բոյկոտին, ինչին հետևել էր նաև այս հարցով հանրապետական պատգամավորների կողմից հանձնաժողովի նիստը բոյկոտելը: Իսկ երկրորդ հարցը ՝ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլի» դիմումն է, որն, ինչպես հայտնի է, վերաբերում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից «Ա1 պլյուսի» լրագրող Մհեր Արշակյանին վիրավորելու և սպառնալու միջադեպին, ինչի կապակցությամբ Մհեր Սեդրակյանն ավելի ուշ ափսոսանք էր հայտնել:
Tert.am-ի տեղեկություններով՝ Մհեր Սեդրակյանը, ում հանձնաժողովը հրավիրել էր բացատրություններ տալու, նիստին չի մասնակցել: Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատել չհաջողվեց, քանի որ հանձնաժողովի անդամները, համաձայն կանոնակարգի՝ կաշկանդված են հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ պարզաբանումներ, դիրքորոշումներ և մանրամասներ ներկայացնելուց:
Հիշեցնենք, որ երբ լրագրողը մոտեցել է Մհեր Սեդրակյանին հարց տալու, վերջինս ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, դավայ։ Յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: Այս ամենը երևում է նաև «Ա1+»-ի տեսանյութում։
Այսուհանդերձ, ՀՀԿ մեծամասնության բոյկոտի հարցը , համաձայն ԱԺ կայքում զետեղված տեղեկատվության, տեղափոխվել է հանձնաժողովի՝ փետրվարի մեկի նիստի օրակարգ, ինչն անուղղակիորեն վկայում է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն այսօր ևս շարունակել են բոյկոտել և պարզաբանումները չներկայացնել:










