ԵԽԽՎ-ը Հայաստանին կոչ է անում վերացնել նախորդ ընտրությունների ժամանակ գրանցված թերությունները

15:33 • 25.01.13

ԵԽԽՎ-ը (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) Եվրոպայում ԶԼՄ-ների  ազատության վիճակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել:

 

Ինչպես տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից, փաստաթղթում հիմնանականում անդրադարձ է կատարվել հետխորհրդային երկրներին:

 

Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ կառույցը «ողջունում է ջանքերը, որ մեր երկիրը գործադրել է  զրպարտության եւ վիրավորանքի հիմքով դատական հայցերին առնչվող խնդիրները լուծելու համար: ԵԽԽՎ-ը նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»: 

 

Վեհաժողովը նաեւ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Ուկրաինային եւ Ռուսաստանին կոչ է անում «քայլեր ձեռնարկել` վերացնելու համար բոլոր այն թերությունները, որոնք միջազգային դիտորդները նկատել էին այդ  երկրներում  տեղի ունեցած վերջին ընտրությունների ժամանակ»:

 

Վրաստանին առնչվող հատվածում եվրախորհրդարանականները մտահոգություն են հայտնում այդ երկրի Հանրային հեռուստաընկերությունում վերջին շրջանում իրականացված ֆինանսական ստուգումների, ղեկավար կազմի փոփոխության (եվրոպացի օրենսդիրների կարծիքով` նոր իշխանությունները ղեկավարներին փոխել են հեռուստաընկերության «քաղաքական կողմնորոշումը» փոխելու նպատակով), ինչպես նաեւ Հանրային հեռարձակողի մասին օրենքում փոփոխություններ կատարելու առնչությամբ: 

 

ԵԽԽՎ-ը նաեւ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանում ու Թուրքիայում զրպարտության ու վիրավորանքի մասին քրեական հոդվածները չափից ավելի շատ են կիրառվում:

 

Կառույցը դատապարտում է նաեւ ԶԼՄ-ների ազատության խախտման դեպքերը Բելառուսում, այդ երկրի իշխանություններին կոչ է անում ուսումնասիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների սպանության, մահվան,  անհետացման դեպքերը, դադարեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումները:

 

Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում նաեւ Ուկրաինայում զրպարտության համար քրեական պատասախանավությունը վերականգնելու մտադրության, ինչպես նաեւ լրագրողների իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ: