Առաջին անգամ Ս. Սարգսի տոնին Էջմիածնից Ս. Սարգիս կբերվեն զորավարի մասունքները
Վերջին 7-8 տարվա ընթացքում Սուրբ Սարգսի տոնին բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, բայց այս տարի այն կհասնի իր գագաթնակետին: Հունվարի 26-ին առաջին անգամ, Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ հայրապետի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվի Ս. Սարգիս Զորավարի մասունքները։
«Հունվարի 26-ին ժամը 10:30-ից Ս. Սարգսի անունը կրող եկեղեցում Հովնան Սրբազանը կհանդիսապետի պատարագ, որի ընթացքում ժողովուրդը հնարավորություն կունենա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը»,- այսօր լրագրողներին տեղեկացրեց Արարատյան թեմի առաջնորդարանի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը:
Նա նշեց, որ երիդասարդների առաջարկով Սուրբ Սարգսի տոնակատարություններին ավելացել է ևս մեկ միջոցառում՝ Խաչերթը, որը կտանի «Արարատ» միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
«Ժամը 14:30-ին, Երևանի (Կոնդ) Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի Սիրահարների այգի: Հոգևորականների առաջնորդությամբ մասնակից երիտասարդներին կուղեկցեն Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրներ և թմբկահարներ: Խաչերթի մասնակիցները Սիրահարների այգում կմիանան տեղի ունեցող յուրահատուկ համերգային ծրագրին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ավանդույթի համաձայն կլինի շքեղ համերգային ծրագիր:
Ասուլիսին ներկա էին համերգի հանդիսավարները՝ Աննա Ավանեսյանը և Արտավազդ Ամիրյանը, ովքեր նշեցին, որ արդեն մի քանի տարի իրենց են վստահում համերգը, որի ժամանակ ելույթ կունենան սիրված երգիչները։
Հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ներկայացրեց սուրբ Սարգսի վարքագրությունը և շեշտեց, որ յուրաքանչյուր քրիստոնյա տոնին մասնակցելով պետք է իմանա նրա հոգևոր խորհուրդն ու բովանդակությանը։
«Ս. Սարգիսը Հայաստան զինվորական ծառայության է գալիս Կապադովկիայից, այնուհետև նա լինում է Պարսկաստանում, Շապուհ արքայի օրոք։ Երբ որ նրան առաջարկ է լինում մեծ հնարավորություններ, պատիվ, այն պայմանով, որ Սարգիս Զորավարը փոխի իր կրոնական պատկանելիությունը և զրադաշտական կրոնի հետևորդ դառնա՝ զորավարը հրաժարվում է այդ բոլոր պատիվներից, որն էլ պատճառ է դառնում, որպեսզի նահատակեն նրան, իր Մարտիրոս որդու և 14 զինակիցների հետ»,- պատմությունը հիշեցրեց քահանան։
Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հասկանա, որ դա հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություն չէ, այլ որ մենք կարևորում ենք վարքագրությունից բերած օրինակը։
«Սուրբ Սարգիսն իր հնարավորությունները ի շահ դրեց քրիստոնեության տարածման համար, թույլերին պաշտպանության համար»,-ասաց նա։










