Պատգամավոր Շիրակ Թորոսյանը Վրաստանում այլևս persona non grata չէ

11:03 • 25.01.13

ՀՀ ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով նաև «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է, երեկվանից այլևս persona non grata (ոչ ցանկալի անձ) չէ Վրաստանում, այս մասին ջավախեցի պատգամավորն ասաց Tert.am-ի հետ զրույցում:

 

«Ես այդ մասին իմացա իմ ընկերներից, ովքեր հարցում էին արել Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումներ և նրանց տրվել է պատասխան, որ, այո, հանվել է»,- ասաց պատգամավորն ի պատասխան հարցի, թե այդ մասին ինչպե՞ս է տեղեկացել:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունների որոշման պատճառով Շիրակ Թորոսյանը չորս տարի շարունակ զրկված էր ծննդավայր՝ Ջավախք այցելելուց, ինչը և պատրաստվում է անել առաջիկայում:

 

Շիրակ Թորոսյանն ի պատասխան հարցի, թե իր՝ Վրաստան մտնելու հարցը քննարկե՞լ է արդյոք օրեր առաջ Հայաստան այցելած Վրաստանի վարչապետի գլխավորությամբ կազմված պատվիրակության հետ, Շիրակ Թորոսյանն ասաց.«Ես նրանց հետ պաշտոնական զրուցելու առիթ չեմ ունեցել, բայց ինձ տեղեկացրել են, որ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում այս հարցը բարձրացվել է»:

 

Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանն իր նկատմամբ Վրաստանի նախկին իշխանությունների ոչ բարեհաճ վերաբերմունքը բացատրում էր իր՝ Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում տարվող քաղաքականության վերաբերյալ քննադատությամբ։