Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում նշվել է Սուրբ Սարգսի տոնը

13:19 • 26.01.13

Հունվարի 25-ին Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում, Սբ. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Հայր Գրիգոր Միքայելյանի կողմից Սբ. Պատարագ է մատուցվել: Պատարագին ներկա է եղել գյուղի գրեթե ողջ երիտասարդությունը: Այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայքից։

 

Հայր Գրիգոր Միքայելյանի քարոզը նվիրված է եղել Սբ. Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի սխրագործություններին ու նահատակությանը: Հոգևոր հայրը հորդորել է գյուղի երիտասարդներին ապրել նրանց սխրագործության օրինակով:

 

Հայր Գրիգոր Միքայելյանի ձեռամբ երիտասարդները Սբ. Հաղորդություն և օրհնություն են ստացել:

 

Պատարագի ավարտին Հայր Գրիգոր Միքայելյանը վառված մոմեր է բաժանել երիտասարդներին և ցանկացել, որ իրականանան նրանց բոլոր աստվածահաճո նպատակները: