Ժողովրդական ծեսերը մեր հարատևության բանալիներն են, դրանք պահպանել է պետք. Լուսիկ Ագուլեցի

11:50 • 26.01.13

Սուրբ Սարգսի տոնին, ինչպես նաև ժողովրդական այլ տոներին պետք է ստեղծագործաբար մոտենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Նա նշեց, որ մեր ժողովրդական ծեսերը շատ գեղեցիկ են, և դրանք պահպանել է պետք, սակայն միաժամանակ պետք չէ խուսափել նորը ներմուծելուց, բայց, իհարկե, միայն գեղեցիկը:


«Չի կարելի տոնը ռաբիզացնել: Պետք է այն գեղեցիկ մատուցել: Այս տոները մեր հարատևության բանալիներն են, և մենք դրանք պետք է պահենք: Դրանք հազարամյակներով են փոխանցվել մեզ»,- ասաց նա:


Լուսիկ Ագուլեցին նշեց, որ հնում մեր մամիկներն ու երիտասարդները միշտ դիմել են Սուրբ Սարգսին՝ երջանկություն ու սեր խնդրելով:


«Բայց Սուրբ Սարգիսը միայն սիրո բարեխոս է չէ: Նա ունի գրեթե 11 խորհուրդ: Նրան դիմում էին նաև հիվանդության ժամանակ, գազաններին սանձելու համար, ցորենը պահպանելու համար և այլն: Օրվա խորհուրդ կարելի է համարել փշոտ ծառը, որը սիրո խորհուրդն է: Ցանկացած սեր զոհողություն է պահանջում»,- ասաց նա:


Լուսիկ Ագուլեցին անդրադարձավ նաև օրվա ուտեստներին և նշեց, որ այսօր հիմնականում հայ կանայք պետք է պատրաստեն բուսական ուտեստներ:


«Շատ լավ կլինի, որ առավոտյան փոխինդ պատրաստեն, այն շատ լավ է պահքից հետո: Նաև ընդունված է աղանձը, և նորապսակները աղանձը կարող են լցնել գրպաններն ու գնալ եկեղեցի»,- ասաց նա: