Աշխարհում քրիստոնյաների համախմբման և միասնականության անհրաժեշտությունը օրհասական է. Բենեդիկտոս 16-րդ պապ
Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը ուրբաթ երեկոյան Հռոմի Սուրբ Պողոս տաճարից դուրս կատարված էկումենիկ պաշտամունքի ժամանակ հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում աճում է քրիստոնյաների համախմբման և միասնականության կարևորությունը, այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Վատիկանի Ռադիոյին:
«Այսօր վիթխարի անհրաժեշտություն կա հաշտեցման, երկխոսության և փոխըմբռնման` ոչ թե բարոյախրատական ուսմունքների, այլ քրիստոնեական ինքնության, որ քրիստոնյաները իսկապես զգալիորեն ներկա լինեն մեր ժամանակի իրողություններում», - ասել է Բենեդիկտոս 16-րդ Պապը:
Նա պաշտամունքի մասնակիցներին կոչ է արել, որ ձգտեն որոշակի և կոնկրետ համագործակցության` Քրիստոսի աշակերտների միջև և ավելացրել, որ առանց քրիստոնյաների սրտերի ապաշխարության՝ հնարավոր չէ էկումենիզմի նպատակներին հասնել:
Հռոմում համատեղ աղոթքին մասնակցել են շատ Ուղղափառ եկեղեցիների, բարեկարգյալ և բողոքական համայնքների ներկայացուցիչներ և Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիների Միջազգային աստվածաբանական երկխոսության խորհրդի անդամներ:
Համատեղ էկումենիկ աղոթքը Հռոմում ավարտական պաշտամունքն էր Քրիստոնեական մեկությանը նվիրված աղոթքի շաբաթվա, որը սկսվել էր հունվարի 18-ին:










