Պետք չէ ատամնաբուժական բազկաթոռը համեմատել գազալցակայանի խողովակի հետ. ստոմատոլոգներ
«Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան» այսօր ստոմատոլոգների համագումար էր հրավիրել, ուր նրանք ներկայացրին «Ստոմատոլոգիական բուժօգնության հարկման» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու իրենց առաջարկները: Նրանք առաջարկում են վերադառնալ հարկման նախկին եղանակին՝ վճարել շահութահարկ կամ հարկել ըստ բժիշկների դրույքաչափի: Այս առաջարկի տակ արդեն ավելի քան 1 200 ստոմատոլոգ են ստորագրել:
Ըստ նոր օրենքի՝ ստոմատոլոգները պետք է հարկվեն ատամնաբուժական բազկաթոռների թվով, և նախատեսվում է մեկ բազկաթոռի համար Երևանում վճարել 80.000 դրամ, իսկ մարզերում՝ մի փոքր մեղմ:
Այս մասին Երևանի «Փոքր կլինիկայի» տնօրեն, ստոմատոլոգ Աշոտ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ չենք հարկվելուն, բայց բազկաթոռի քանակով հարկվելը սխալ է:
«Կարող է ես մեկ ամիս չեմ աշխատում, և իմ բազկաթոռն ազատ է մնում: Ինչո՞ւ պետք է ես վճարեմ դրա համար»,- ասաց նա՝ նշելով, որ պետք չէ ատամնաբուժական բազկաթոռը համեմատել գազալցակայանի խողովակի հետ, դրանք տարբեր բնագավառներ են:
Համագումարի ժամանակ քվեարկություն եղավ, որի արդյունքներով մեծամասնությունը պահանջում է վերադառնալ շահութահարկի՝ այնպես, ինչպես մինչ օրենքի ընդունումն է եղել և այնպես, ինչպես բժշկության մնացած ճյուղերն են հարկվում: Այս մասին Երևանի ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն Պարույր Դադուրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պետք չէ ստոմատոլոգիան տարանջատել բժշկությունից:
Համագումարի ժամանակ եղան նաև տարակարծություններ. ոմանք ասում էին, որ այս օրենքը հարցի լուծում չէ, և պատրաստվում են գործադուլ հայտարարել, ոմանք էլ ցանկանում էին հասնել նրան, որ օրենքը վերանայվի: Բայց այն, որ օրենքը շատ վատ հետևանքներ կունենա, և իրենք չեն կարող աշխատել այդ պայմաններում, բոլորն էին ասում:
«Այսկերպ պետությունը չի ստանա այն բյուջեի ավելացումը, որն ակնկալում է, որովհետև շատ կլինիկաներ կփակվեն, գործազրկություն կլինի, որից էլ կբխի արտագաղթը: Բոլորը դեմ են այդ օրենքին»,- ասաց Պարույր Դադուրյանը՝ պահանջելով, որ գոնե մեղմացնեն օրենքը, կամ ընդունեն դրույքաչափերով հարկվելու իրենց առաջարկը:
Բժիշկ-ստոմատոլոգ Արամ Ղարիբյանն էլ կարծում է, որ բժիշկները կրթություն ստանալիս մեծ գումար են ծախսում, և այդ առումով, ստոմատոլոգի աթոռն ու վարսահարդարի աթոռը կամ բիլիարդի և թենիսի սեղանները չի կարելի նույն հարթության վրա դնել։ Հարցին, թե ի՞նչ է պատրասվում ինքն անել, եթե օրենքում փոփոխություն չլինի, նա պատասխանեց. «Եթե ես չարտագաղթեմ երկրից, հաստատ թանկացնելու եմ գները»:
Հիշեցնենք, որ ստոմատոլոգներն ավելի վաղ հայտարարել էին իրենց առաջարկների մասին, դրանց ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:https://tert.am/am/news/2013/01/24/stomatologist/










