«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ի հարցումները հանրային կարծիքը շեղելու փորձ է. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

12:56 • 27.01.13

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլ է անում Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ և պնդում, որ առողջությունը լավ է, համարում է, որ հանրային կարծիքը շեղելու փորձ է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության հարցումները, ըստ որոնց, հայաստանցիների հիմնական մասն ընտրություններին լուրջ է վերաբերվում, չնայած գործող նախագահի հստակ առաջատար լինելուն։


«Դա իրականությանը չհամապատասխանող, տրամաբանությունից զուրկ տեղեկություն է, հակառակ դեպքում դա կնշանակեր, որ հիմար է հայ ժողովուրդը, որովհետև կամավոր հայտնում է, որ կրիմինալ օլիգարխիայի լծի տակ ապրելն իր համար միակ նախընտրեի տարբերակն է»,– ասաց նա:


«Լինում են ազգեր, որ հայտնվում են ինչ-որ լծի տակ և փորձում են դրանից դուրս գալ: Այս հարցումը, կարծես թե, ուղղված է ցույց տալ, որ մարդիկ հաստատում են, որ այդ ճորտ վիճակում ևս նրանք պատրաստ են տարիներ շարունակ ապրել: Ես չեմ հավատում նման բաների, տրամաբանությունից հեռու է»,- նշեց նա:


Նա չի հերքում, որ, այդուհանդերձ, հասարակության մեջ կգտնվի մի խավ, որն իսկապես կսատարի գործող նախագահին, բայց, ըստ նրա, դա շատ փոքր մասն է։


«Բնականաբար հասարակության մեջ կա նման բան, որ սատարում են կրիմինալ օլիգարխիկ համակարգին, բայց դա չի կարող լինել հասարակության կեսը կամ կեսից ավելին: Համարում եմ, որ դա հասարակության փոքր մասն է, 10-15%-ը»,– ասաց նա:


ՀԵԲ-ի նման քայլը նա համարում է հերթական ապացույցը, որ միջազգային այդ կազմակերպությունների գործն է՝ շեղել հանրային կարծիքը:


«Դա ինֆորմացիոն պայքար է, շինծու ընտրությունների բաղադրիչը՝ կեղծ սոցիալական հարցումներ, ինֆորմացիոն պատերազմ, սև PR, հանրային կարծիքը շեղելու տարբեր եղանակներով միջոցներ: Դա շինծու ընտրություններին բնորոշ գործիքներ են, որը մենք տեսնում ենք, որը որ կար անցյալում և այսօր էլ շարունակում է մնալ»,- ընդգծեց նա:


Անդրադառնով իր առողջությանը վերաբերող հարցին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի։ «Եթե ես այստեղ եմ, ուրեմն առողջությունս լավ է, եթե վատ լինեի կգտնվեի հիվանդանոցում»,- ասաց նա:


Անդրիաս Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ հացադուլի օրերին բազմաթիվ մարդիկ են այցելել իրեն, զորակցություն հայտնել: «Մարդիկ կիսում են պահանջը, որ պետք է վերջ տալ Հայաստանի շինծու ընտրություններին և խաբեության մթնոլորտին, ողջունում են և մտահոգված են»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների այցելություններին, ապա նա, մասնավորապես, առանձնացրեց «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանի չոր հացադուլ հայտարարելու քայլը, որն ըստ նրա, ամեն ինչ ասում է:


«Պարույր Հայրիկյանը ևս հացադուլ էր հայտարարել, այն էլ չոր, որը ծայրահեղ տեսակն է, դրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է հացադուլից հետ կանգնելու կոչերին, բոլորը գիտեն, որ ես հայտարարել եմ, որ հացադուլն անժամկետ է և ես չեմ դադարեցնի ժամանակից առաջ մինչև իմ պահանջները չկատարեն»,-նշեց նա:


Նախագահի թեկնածուն ասաց, որ չի կարծում, թե Հայրիկյանի՝ իր տանը նստելով հայտարարած չոր հացադուլը, իր քայլը ստվերելու և ոչ թե աջակցելու որոշում է, չնայած որ Հայրիկյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ հացադուլը օգտակար է առողջությանը:


«Չոր հացադուլը երբեք չի կարող առողջությունը օգուտ լինել, դա նշանակում է, որ նա և հացից է հրաժարվում և ջրից: Նման վիճակում երեք օր մնալը հանգեցնում է նույնիսկ մահվան: Կարծում եմ աջակցության նշան է, հավատում եմ նրա անկեղծությանը»,- ասաց նա:


Ինչ վերբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի այցելություններին, ապա, ըստ Անդրիաս Ղուկասյանի, եթե սկզբում նա կոչ էր անում դադարեցնել, հիմա արդեն միայն նրա առողջությունից է հետաքրքրվում:


«Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկանում է իմ առողջությունից, առաջին հանդիպման ժամանակ նա նման կոչ արեց: Բայց թե ինչ բան է հացադուլ, դա բոլոր քաղաքական գործիչներին էլ հասկանալի է»,- ասաց նա:


Ի դեպ, նախագահի թեկնածուն նշեց, որ հեռուստատեսությունները այդքան էլ հավասարակշռված չեն լուսաբանում բոլոր թեկնածուներին:


«Իմ թիմն ինձ տեղեկացնում է, որ լրատվությունը համաչափ չէ: Հեռուստատեսության ոլորտում կա միտում, որ քիչ լուսաբանվի հացադուլը, և ավելի շատ լուսաբանվում են մյուս արշավները՝ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի: Չէի ասի, որ հավասարակշռված է ինֆորմացիան հանրությանը հացրվում»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանի պահանջներից մեկն այն է, որպեսզի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները դադարեցնեն Հայաստանում դիտորդական առաքելությունը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարի գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: