Արգենտինայում գերհերոսի են ձերբակալել

22:04 • 27.01.13

Արգենտինական ինքնահռչակ գերհերոսը, ով իրեն անվանում էր Մենգաննո, իրականում Օսկար Լեֆոսսե անունը կրող նախկին ոստիկան էր: Հանցավորության դեմ պայքարողի ինքնությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ նրան ձերբակալել էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ անօրինական զենք պահելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով El Dia-ին:


Մենգանոյին ձերբակալել են այն ժամանակ, երբ նա կրակ էր բացել իրեն կասկածելի թվացող մարդկանց վրա: Նա ոստիկանությանը պատմել է, որ ենթադրյալ հանցագործները կրակ էին բացել իր մեքենայի վրա, իսկ նա ստիպված է եղել պատասխանել: Գերհերոսը Facebook է տեղադրել իր մեքենայի լուսանկարները՝ նշելով, որ իր վրա կրակել են չարագործները: Սակայն ոստիկանությունը պարզել է, որ բոլոր կրակոցները եղել են մեքենայի ներսից:


Գերհերոսի մասին արգենտինական ԶԼՄ-ներն առաջին անգամ հիշատակել են 2010 թվականին: Մենգանոն Բուենոս-Այրեսի բնակիչներին ներկայացել է սև հագուստով և կապույտ գլխարկով, որը գրեթե ամբողջովին ծածկում էր նրա դեմքը: Նա հայտարարել էր, որ նրան բարկացնում են անարդարությունները և օրենքի խախտումները: