Նամակով շիշը Նոր Զելանդիայի ափ է նետվել 76 տարի անց
Նոր Զելանդիայի լողափերից մեկում Ջեֆ Ֆլադ անուն-ազգանունով մի բնակիչ հայտնաբերել է 1936թ. գրված նամակով մի շիշ։ Տղամարդուն չի հաջողվել փնտրել նամակի հասցեատիրոջը, սակայն նա կարողացել է կապվել ուղարկողի թոռան հետ, հայտնում է Russia Today-ը։
Ջեֆ Ֆլադը հայտնաբերել է հին շիշը Խոուխորա քաղաքի լողափերից մեկում, որտեղ հանգստանալիս է եղել իր ընկերուհու հետ։
«Շիշն ընկած էր անմիջապես ափին և գլորվում էր ալիքների հետ։ Երբ մենք այն տեսանք, անմիջապես հասկացանք, որ դա ինչ-որ յուրահատուկ բան է»,- պատմել է նա։
Շշի մեջ եղել է դեղին թղթի մի կտոր։ Զույգը վերադարձել է տուն և զգուշությամբ հանել այն։ Պարզվել է, որ դա ձեռագիր նամակ է՝ գրված 1936թ. մարտի 17-ին։ Նամակում գրված է եղել. «...Ծովում։ Այս շիշը գտնողին, խնդրում եմ, փոխանցել հետևյալ հասցեով...Ստորագրություն՝ Հերբերտ Էռնեստ Հիլբրիք, 72 Richmond Street, Leederville, Արևմտյան Ավստրալիա»։
Ստացողի հասցեն կարդալն անհնար է եղել, սակայն նամակը գրված է հատուկ թղթի վրա՝ «P&O» կնիքով և նավի մեծ պատկերով։ Նման թուղթ հաճախ օգտագործվում էր «SS Strathnaver»-ի նավի վրա, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստի նավն էր, որը ծով էր դուրս եկել 1931թ.։
Նամակից ոգևորված Ֆլադը կարողացել է ոչ միայն գտնել Հերբերտ Հիլբրիքի լուսանկարը, այլև գտնել նրա հեռավոր բարեկամներին, ովքեր շատ հուզվել են այս պատմությունից։
Հատկանշական է, որ այս հաղորդագրությունն առաջինը չէ, որ գտնում է Ֆլադը։ Նախկինում նա արդեն գտել է նամակներ «անցյալից», մեկը մի տղամարդուց՝ Ավստրալիայից, և ևս մեկը՝ երկու 14-ամյա աղջիկներից՝ Թասմանյան կղզիներից։ Սակայն երկու դեպքում էլ նամակները ծով էին նետվել դրանք հայտնաբերելուց մեկ տարի առաջ։










