Եգիպտոսի Պորտ-Սաիդ քաղաքում բախումները շարունակվում են. տուժածների թիվը հասել է 270-ի
Եգիպտոսում` Պորտ-Սաիդ քաղաքում, այսօր նոր թափով են շարունակվել բախումները նախօրեին տեղի ունեցած անկարգությունների զոհերի հուղարկավորության ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 270 մարդու, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Շաբաթ օրը ցուցարարների և անվտանգության ուժերի միջև Պորտ-Սաիդում բախումների հետևանքով նվազագույնը 30 մարդ էր զոհվել:
Քաղաքի բնակիչները մինչ այժմ ցասման մեջ են դատարանի որոշման համար, որը ֆուտբոլի 21 երկրպագուների մահապատժի էր դատապարտել նախորդ տարի Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց հետևանքով 74 մարդ էր զոհվել:
Տեղեկություններ են ստացվում, որ այսօր ևս քաղաքում կրակոցներ են լսվում: Քաղաքի փողոցներում պարեկություն են իրականացնում բանակային և ոստիկանական ստորաբաժանումները:
Միևնույն ժամանակ երկրի մայրաքաղաք Կահիրեում ևս շարունակվում են բախումները անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, որոնք երկրի ժողովրդավարացում են պահանջում:










