Իրանն արգելել է նավթի և գազի արտահանումը Եվրոպական Միություն
Իրանն արգելք է դրել Եվրոպական Միության 27 երկիր նավթի և գազի արտահանման վրա, չնայած որ նախորդ տարվա հուլիսից ԵՄ-ն արգելել է իրանական նավթի ներկրումը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Իրանի էներգետիկայի նախարարությանը։
Նախարարության մամուլի խոսնակ Ալի Ռեզա Նիկզադ Ռահբարի խոսքով, ում խոսքերը մեջբերել է իրանական Mehr լրատվական գործակալությունը, սահմանված արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ն կշարունակի «թշնամական որոշումներ» ընդունել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Associated Press-ին։
Մինչ եվրոպական պատժամիջոցները, ԵՄ անդամ երկրների կողմից իրանական նավթի ներկրումը կազմում էր իրանական «սև ոսկու» ընդհանուր վաճառքի մոտ 18 տոկոսը։
ԵՄ կողմից բռնարգելքը գործում է 2012-ի հուլիսի 1-ից։ Իր քայլը ԵՄ-ն բացատրել է նրանով, որ ցանկանում է այդկերպ ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային հավակնոտ ծրագրից։ Իրանի դեմ միջոցառումների նմանատիպ փաթեթ է ընդունել նաև ԱՄՆ-ն։










