Քաջարանի գյուղապետը վերադարձել է ՀՀԿ և գյուղի հետ միասին սատարում է գործող նախագահին
Լուսանկարը՝ Photolur–ի
Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով շուրջ մեկ տարի առաջ դուրս էր եկել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, այսօր արդեն ոչ միայն վերադարձել է կուսակցություն, այլ գյուղացիների հետ միասին սատարում է ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս թույլ չտվեց, որ Քաջարանի հողերը հանքարդյունաբերության նպատակով հանձնվեին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։
«Հա կուսակցությունից հրաժարվել էի, բայց որ ասեցին, որ ոչ ոք գյուղին ձեռք չի տա, վերադարձել եմ: Բա նախագահն ասել ա սարի նման մեջքներիդ կանգնած եմ, դրա համար էլ մենք էլ իրա մեջքին են կանգնած: Ես միշտ էլ մեծ հույսեր եմ կապել իմ նախագահի հետ, նախագահն ասել է, որ ոչ ոք չի կարա քո գյուղին կպնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ՝ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը պետք է տրվեին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ինչը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց գյուղում: Դժգոհություններին տեղիք տալով՝ նախագահի հանձնարարությամբ, որոշումը չիրականացվեց:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը մասնակցել է վերջերս Քաջարան այցելած նախագահի քարոզարշավին և հավատացրեց, որ իրենք ոչ մի ուրիշ սպասելիք նախագահից չունեն:
«Մենք սպասում ենք, որ գյուղիս ձեռք չտան, դա է մենակ մեր սպասելիքը, էլ ուրիշ ի՞նչ սպասելիք ունենք: Դրանից արդեն մեր բոլոր գյուղացիներն էլ շատ շնորհակալ են»,-ասաց նա:
Քաջարանցիների և նախագահի հանդիպման մասին լրատվամիջոցներով ներկայացված տեղեկությունը, թե գյուղացիները խնդրել են հանքարդյունաբերությունը զարգացնեն, Ռաֆիկ Աթայանը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում:
«Տենց բան ոչ մեկ չի խնդրել: Հանքարդյունաբերությունը տեղը տեղին զարգացած ա, դրանից ավել ի՞նչ զարգացնել: Սարերը լրիվ կերել են, էլ ի՞նչ ավելացնեն: Եկեք տեսեք ի՞նչ ա կատարվում, հանքերն ավելացնում են, աշխատավարձերը՝ ցածրացնում: Եկեք տեսեք ժողովուրդը ո՞նց է ապրում, երեք անգամ ավելացրել են հանքերը, բայց 80 000 փող են տալիս, էլ տեղ չկա էէէ»,- նշեց նա և ավելացրեց, որ այդ մասին նախագահի առջև հարց չեն բարձրացրել, քանի որ նա շատ լավ էլ դրա մասին տեղյակ է: «Ինչի՞, նախագահը չգիտի՞։ Լավ էլ գիտի, բոլորն էլ գիտեն»,- շեշտեց նա:
Ռաֆիկ Աթայանն ընդգծեց, որ հանքարդյունաբերությունը իրենց ձեռնտու չի: «Ավելի լավ ա մենք մեր անասունը պահենք, տեսնում ենք էլի, դա մեզ ինչ ա տալիս, ոչ մի բան էլ չի տալիս, ժողովուրդը քանի գնում հետ ա գնում: Իրանց համար են ավելացնում: Եկեք տեսեք, փոշին, հիվանդություններն ինչքան են շատացել»,- դժգոհեց նա:
Գյուղապետն ասաց, որ տեղյակ չէր այն խոսակցությունների, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Իրանի Արևելյան Ադրբեջանի գավառի կառավարիչը Թավրիզում ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին համաձայնագիր, որով Սյունիքի մարզը 5 տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից 5000 գլուխ տավարի համար, իսկ Իրանը Հայաստանին կտրամադրի գյուղտեխնիկա և պարարտանյութեր:
«Տենց բան չկա, ես չգիտեմ, ինձ ոչ մեկ տենց բան չի ասել, ո՞նց կարող է իրա արոտավայրը տա պարսիկներին, ինձ բացատերք: Ի՞նչի մեր արոտավայրերում մեր անասունը չի՞ կարում արածի։ Իմ գյուղում տենց բան չկա, կարող ա դա Գորիսում, Սիսիանում լինի: Ինձ մոտ բացառվում է: Էտ էլ թազա՞ բաներ ա»,- զարմացավ նա և ավելացրեց, որ կոնկրետ իրենք թույլ չեն տա իրենց արոտվայրերին ձեռք տան:
«Եթե մեր հողերն էլ լինեն, համոզված եղեք, չեն ստանա: Տանք, մենք գնանք կողքը նստե՞նք: Դա ի՞նչ բան ա: Ի՞նչ ա, պետք ա սպասե՞նք՝ պարսիկները մեզ տրակտոր տան, որ ես իմ հողն օգտագործե՞մ»,- ասաց նա:










