Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նորմալ ընտրություններ են լինելու. Մանվել Սարգսյան

20:30 • 27.01.13

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը տրամաբանական է համարում նախընտրական այս անտարբերության մթնոլորտն ու ընտրությունների նկատմամբ հասարակության թերահավատ տրամադրությունները, չնայած, ըստ նրա, փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ոչ մի խնդիր չկա և նորմալ ընտրություններ են: 


«Որ հասարակության կողմից անտարբերություն, թերահավատություն կա ընտրությունների նկատմամբ, դա փաստ է, որի մասին հայտարարեցին նույնիսկ միջազգային դիտորդները, բայց եթե հետևենք քաղաքական ուժերի և ժողովրդի պահվածքին, կտեսնենք, որ տրամաբանական է, քանի որ ԱԺ խմբակցություններից կարևոր ուժեր հրաժարվեցին մասնակցել»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


«Մյուս կողմից էլ ընդամենը փորձ կա տպավորություն ստեղծել, որ ոչ մի խնդիր չկա, նորմալ ընտրություններ են»,- նշեց Մանվել Սարգսյանը՝ ավելացնելով, որ դժվար չէ հասկանալ, թե ում է ձեռնտու նորմալ ընտրություններ ներկայացնելը:

 

Ըստ քաղաքագետի, այսօր ընտրական գործընթացի նկատմամբ տեսակետները տարբեր են: «Մի կողմից Անդրիաս Ղուկասյանն է, ով պնդում է, որ ընտրություն գոյություն չունի, ամեն ինչ շինծու է, բայց կան թեկնածուներ, որ օրինականությունը ճանաչում են և շարունակում են իրենց քարոզարշավը: Իսկ հասարակությունն այդ տեսակետների մեջ փորձում է կողմնորոշվել: Մի կողմից էլ, եթե սոցցանցերին հետևեք, կհասկանաք, որ չգիտեն՝ գնա՞ն ընտրությունների, չգնա՞ն։ Մի մասն էլ պնդում է, որ ամեն ինչ արդեն որոշված է, դա ցույց է տալիս, որ բարդ վիճակ է»,- բացատրեց նա:

 

Մանվել Սարգսյանի խոսքով՝ ճգնաժամային վիճակը քաղաքական ուժերի գործողություներով է պայմանավորված: «Քաղաքական ուժերն այնպիսի ճգնաժամային վիճակի են հասցրել, որ ընդհանրապես դժվար է պատկերացնել, թե նրանք հետագայում հնարավորություն կունենա՞ն ինչ-որ նոր գործունեություն ծավալել, որը հետաքրքրի հասարակությանը: Խնդիրը հիմա հասարակությանն է»,- շեշտեց նա:
Կենտրոնի տնօրենը համոզված է, որ այսօր արդեն հասարակությանը չի հետաքրքրում, թե այս կամ այն քաղաքական ուժը «ո՞նց է իրեն պահում, ո՞նց է պահելու, ի՞նչ է ասելու»: «Դա երկրորդական է, որովհետև այս ընտրություններում որևէ ասելիք չունեին, եթե հիմա չունեին, հետո ի՞նչ են ասելու: Դուրս են գալու ասեն՝ «գիտե՞ք, մենք շատ ավելի լավն ենք, քան ձեզ թվում է»»,- նշեց քաղաքագետը:


Նա համոզված է, որ այսօր երկրում բոլորովին այլ իրադրություն է ստեղծվել: «Որը ես կոչում եմ կուսակցական կոլապս, ստեղծվել է քաղաքական վակուում, երբ որ հասարակությունը շատ լավ գիտակցել է, որ քաղաքական համակարգը սնանկ է, սկսած գործող ռեժիմից, մինչև մյուս կուսակցությունները և դրա համար էլ նման վիճակում ենք հայտնվել այսօր»,- նկատեց նա:


«Հասարակությունն ինքը պետք է որոշի, քանի որ ձևափոխվում է իր խնդիրներով, օրակարգով, փորձում է լայնացնել շրջանակները: Պետք է հասկանան, որ նման բարդ վիճակներում հույսը պետք է դնեն իրենց վրա»,– ասաց քաղաքագետը:
«Բոլոր երկրներում, որտեղ դեմոկրատական գործընթացներ են կատարվել, հիմնականում երկրները եկել են նման վիճակի ու ապա հասկացել են, որ գործող քաղաքական համակարգը որևէ բան չի կարող անել, և քաղաքացիները իրենք են դրել խնդիրներ, ստեղծել շարժումներ և երկիրը փորձել դուրս հանել նման վիճակից: Նույնն էլ երևի Հայաստանում է սպասվում»,- ասաց նա:


Հարցին, թե հասարակությունն ի վիճակի՞ է և կարո՞ղ է ինքն իրեն համակարգել, քաղաքագետը պատասխանեց. «Կարող է, չի կարող դա ո՞ւմ է հետաքրքիր, կարող են նաև նստել, սպասել մի փրկչի, ուղարկեն, գա, հարցերը լուծի, այդպես որ լինի, ևս 20 տարի կսպասենք»,- նշեց նա:


Մանվել Սարգսյանը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Քաղաքացիական պայմանագիր կոչվող փաստաթղթին ծանոթ չէր, բայց նշեց, որ ցանկացած քաղաքացիական գործունեություն ողջունելի է:


«Հիմա ոչ ոքի չի հետաքրքրում դուք ինչ եք առաջարկում, մարդկանց հետաքրքրում է, դուք հաջողության հասնո՞ւմ եք, թե չէ, կարո՞ղ եք ձևակերպել երկրի խնդիրները հստակ և լուծել: Ինչքան ուզում եք համոզեք, ապացուցեք, և ընդհանրապես, ապացուցելու մոլուցքը հոգնեցրել է բոլորիս։ Ինչի՞ ապացուցել, խնդիրը դրեք ու լուծեք»,- եզրափակեց քաղաքագետը: