Սալոնիկում մետրոյի շինարարության ժամանակ ոսկե դափնեպսակ է հայտնաբերվել
Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ հնէաբանները շաբաթ օրը հայտնաբերել են ոսկե դափնեպսակ, որը մոտ 2.300-ամյա է, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հունական «Էլեֆթերոտիպիա» թերթի կայքին։
Դափնեպսակը գտնվել է մեծ, բայց ոչ այնքան հարուստ, այսպես կոչված մակեդոնյան ժամանակաշրջանի գերեզմանատանը։ Չնայած որ այն պատրաստված է ոսկուց, սակայն չի առանձնանում թագավորական վարպետների աշխատանքներին բնորոշ նրբագեղությամբ, հետևաբար, այն պատկանել է ոչ բարձրաստիճան մարդու։
Անձրևների պատճառով պեղումներն արվում են բարդ պայմաններում, և հնէաբանները դեռևս չեն ավարտել դափնեպսակի մաքրումը, այդ իսկ պատճառով դեռևս չեն որոշել դրա տեսակը։
Մետրոյի շինարարությունը, որի ժամանակ հայտնաբերվել են հազարավոր արժեքավոր հնադարյան և միջնադարյան իրեր, ձգձգվում է՝ հնագիտական պեղումների պատճառով։










