ՀՀ քաղաքացին Մոսկվայում 1.5 մլն ռուբլի արժողությամբ իրեր է գողացել և վաճառել է ընդամենը 35 հազարով ռուբլով
Մոսկվայում ռուս իրավապահները ձերբակալել են Մերձմոսկվայի Օդինցովո շրջանում բնակվող ՀՀ 32-ամյա մի քաղաքացու, ով գողացել է 1,5 մլն ռուբլի արժողությամբ իրեր և դրանք վաճառել 35 հազար ռուբլով, հայտնում է БалтИнфо-ն։
Ինչպես տեղեկացրել են իրավապահները, կիրակի առավոտյան իրենց է դիմել Մոսկվայի 35-ամյա մի բնակչուհի, ով պատմել է, որ քաղաքի շքեղ ռեստորաններից մեկում գողացել են իր թանկարժեք պայուսակն ու ոչ պակաս թանկարժեք 2 բջջային հեռախոսները։
Կինը մանրամասնել է, որ հանցագործը գողացել է իր 5 հազար դոլար արժողությամբ Chanel 2.55 պայուսակը, որում եղել է 33 հազար դոլարանոց Vertu բջջայինը, ինչպես նաև 37 հազար ռուբլի արժողությամբ նոր iPhone 5-ը։ Տուժածը նշել է, որ ուշադրությունը շեղել է ընդամենը 20 րոպեով, ինչից հետո պայուսակն անհետացել է։
Կնոջ ցուցմունքներից ժամեր անց հանցագործը ձերբակալվել է։ Նա ընդունել է իր մեղքը և պատմել, որ գողոնը վաճառել է ընդամենը 35 հազար ռուբլով Մոսկվայի «Գորբուշկին Դվոր» առևտրային կենտրոնում։ Էքսկլյուզիվ իրերը վերադարձնել չի հաջողվել, քանի որ հանցագործը չի կարողացել հստակ նշել այն տաղավարը, որտեղ հանձնել է դրանք։
Այժմ ՀՀ քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել։










