Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվ

10:43 • 28.01.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Սերժ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.

 

«Մեծարգո Սերժ Ազատի,

 

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:

 

Ստեղծվելով մեր ժողովրդի համար օրհասական պահին և թրծվելով պատերազմի բովում` հայոց փառապանծ բանակն անցավ հաղթական ուղի, կարողացավ արժանապատվորեն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը և այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները: Բանակը բոլորիս հպարտությունն է ու պարծանքը, մեր ժողովրդի տասնամյակների մաքառումների մեծագույն ձեռքբերումը:

 

Եվ այն, որ այսօր ունենք ժամանակակից պահանջներին համապատասխան, հզոր ու մարտունակ բանակ նաև Ձեր անձնական ջանքերի և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է:

 

Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին ու մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի զորացման ու բարգավաճման»: