Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլ նաև կոչում. շնորհավորանքներ Facebook-ից

11:30 • 28.01.13

Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի առիթով «Ֆեյսբուքյան» իրենց էջերում իրենց շնորհավորանքներ են հղել հանրությանը կողմից ճանաչված մի շարք մարդիկ: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:


ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն իր շնորհավորանքը սկսել է հիշեցումով այն մասին, որ 1992 թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:

 

 

««Բանակ» էին իրարից անկախ գործող կամավորական ջոկատները, որոնք ռազմականացված հիմնարկություններից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ու բոլոր հնարավոր այլ վայրերից զենք հայթայթելով, կամավորաբար, հայրենասիրական ու բարոյական արժեքներից դրդված, մեկնում էին սահմանի ամենաթեժ կետերը` անհավասար կռիվ մղելու թշնամու դեմ: Նրանց մի մասը նահատակվեց սխրալի մարտերում, իսկ մյուսները, արդեն 1992-ից սկսած, մասնակցելով նաև պատերազմական լայնածավալ գործողություններին, նորաստեղծ կանոնավոր բանակի հետ միասին կռեցին մեր առաջին ռազմական հաղթանակը»:


Այնուհետև շարունակելով իր շնորհավորական խոսքը, Արտակ Զաքարյանը գրում է, որ Հայկական բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլ նաև կոչում:


«Բանակը նվիրյալների համար է, ովքեր գիտակցում ու գնահատում են հայրենիքի անվտանգության ու խաղաղության արժեքը: Մենք` հայերս, լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով: Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի կողմից: Մենք պետք է խոնարհվենք մեր դրոշին, հիմնին, զինանշանին, հպարտանալով, որ ունենք հենց այսպիսի բանակ, որ կարող է պաշտպանել մեզ»,-գրել է նա:


ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ, իսկ ներկայումս «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը տոնի առիթով բարձրացնում է բանակի համար եկամտահարկ մուծելու անհրաժեշտության հարցը և ներկա ժողովրդագրական վիճակից, հետզհետե բարդացող զինատեսակներից ելնելով` պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելու անհրաժեշտության մասին:


«Ըստ էության, մենք դրա ճանապարհին ենք: Երբ տարիներ առաջ ես աշխատում էի Կիպրոսում, ի շարս այլ հարկերի, վճարում էի 2,5% ուղղակի եկամտահարկ բանակի պահպանման համար: Արդյոք ժամանակը չէ՞ մտցնել նման մի հարկ և պարտադիր զորակոչից անցնել կամավորական հիմունքներով հավաքագրվող հմուտ ու պրոֆեսիոնալ բանակի»,- գրել է նա, ապա շարունակել։

 

 

«Դա մեզ հնարավորություն կտա ունենալ, թեև թվակազմով ավելի փոքրաթիվ, բայց արդյունավետ ու հզոր բանակ: Միևնույն ժամանակ, հատուկ հարկատեսակը հնարավորություն կտա զինվորականության համար ապահովել բարեկեցիկ կյանք, և մշտապես ունենալ համալրման համար առկա ու պատրաստակամ պահեստակազմ, այդ թվում՝ նաև իգական սեռից: Կխուսափենք նաև բանակում առկա շատ հոռի երևույթներից: Մնացած ազգաբնակչության համար կարելի կլինի դպրոցներում և համալսարաններում կազմակերպել նախնական զինվորական պատրաստության դասընթացներ և պարբերական կարճաժամկետ զորահավաքներ: Բանակի կազմի աշխատավարձերը նաև էապես կարող են նպաստել սպառողական շուկայի աշխուժացմանը և որոշակիորեն կանխել արտագաղթը սահմանամերձ շրջաններից»,- գրել է նա:


«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը գրել է. «Շնորհավոր տոնդ, Հայոց բանակի զինվոր, սպա և գեներալ: Քեզ ամուր առողջություն, կամք ու շրջահայացություն՝ անառիկ պահելու համար մեր հայրենիքի սահմանները: Աշխարհին խաղաղություն, մեր հարևաններին էլ իմաստություն՝ հասկանալու համար, որ Հայոց բանակի զինվորը, սպան ու գեներալը ԱՆՀԱՂԹ են»: