Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել
РИА Новости- ի հաղորդմամբ, Եգիպտոսի երեք քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել:
«Ես որոշել եմ Պորտ Սաիդ, Սուեց և Իսմայիլիա քաղաքներում 30 օրյա արտակարգ դրություն հայտարարել՝ կեսգիշերից սկսած»,- հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին եգիպտական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում:
Եգիպտական Պորտ-Սայիդ քաղաքում ծավալված զանգվածային անկարգությունների զոհերի թիվը հասել է 4-ի, և տուժել են 200-ից ավել մարդ: Անկարգությունները սկսվել են թաղման արարողության ժամանակ, երբ քաղաքի բնակիչները հրաժեշտ էին տալիս նախօրեի ցույցերի զոհերին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ցուցարարների և անվտանգության ուժերի միջև Պորտ-Սաիդում բախումների հետևանքով նվազագույնը 30 մարդ էր զոհվել:
Քաղաքի բնակիչները մինչ այժմ ցասման մեջ են դատարանի որոշման համար, որը ֆուտբոլի 21 երկրպագուների մահապատժի էր դատապարտել նախորդ տարի Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց հետևանքով 74 մարդ էր զոհվել:










