Պատերազմին զենքով չեմ եղել ճակատում, դա իմ սխալն է. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Եռաբլուրում
Հայկական բանակի 21-րդ տարեդարձի առթիվ այսօր Եռաբլուր էր այցելել նաև ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սկզբում նա այցելեց իր զոհված ընկերների շիրիմներին, ծաղիկներ դրեց անհայտ զոհերի հուշարձանին՝ ասելով, որ թող ոչ մի անուն անհայտ չմնա, հետո մոտեցավ բոլոր այն շիրիմներին, որոնք այցելուներ ունեին այսօր:
«Պատերազմի տարիներին իմ պատիվը եղել է այն, որ ես ուղղակի հանդիպել եմ մի քանի ազատամարտիկների, միգուցե եղել եմ ճակատում, բայց ոչ զենքով, դա իմ մեղքն է, իմ սխալը»,- Մոնթե Մելքոնյանի շիրիմի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ ինքը ռազմաճակատում եղել է տեսախցիկներով և այդկերպ իր փոքր մասնակցությունն ունեցել պատերազմին:
Խոսելով արցախյան ազատամարտիկների մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ առանց նրանց մենք չէինք ունենա Հայաստան, Արցախ: «Այս օրը՝ հունվարի 28-ին, ես ինձ հիշեցնում եմ, որ հայ ժողովուրդն ունակ է իր շահը պաշտպանելու: Երբ ժողովուրդը դառնա ազգ, քաղաքացին՝ պետականություն, ուրեմն մեր զոհերն իզուր չեն լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը չի եկել Եռաբլուր քարոզ կարդալու կամ գոհարներ հայտնաբերելու համար. գոհարներն այստեղ ննջում են:
Նախագահի թեկնածուն այս հանդիպումը համարեց իրեն համեստացնող, խոնարհեցնող, պատվաբեր հանդիպում. «Սա մեր հայրենիքն է իր լավով և վատով, և ես վստահ եմ, որ այսօր մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով: Ունենք սխալներ, որոնք պետք է ուղղել»:
Մոնթե Մելքոնյանի շիրիմի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց հերոսին և ասաց. «Մոնթեն երևում է իմ գովազդային հոլովակում, ես չգիտեմ, դա ճիշտ է, թե սխալ, բայց եթե ես ներկայացնում եմ ինձ, ապա Ավո զորավարն իմ մասնիկն է»,- ասաց նա, ապա հավելեց.
«Մենք հերոսների մոտ կարող է չհանգչենք, բայց պետք է արժանի լինենք իրենց թողած ժառանգությանը. մենք կյանքով պետք է հաղթենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։










