Ընտրվելու դեպքում Հայրիկյանը հայ աղջիկներին հնարավորություն կտա ծառայել բանակում
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահ ընտրվելուց հետո բանակում կկատարի մեծ փոփոխություններ, որոնցից առաջնային կլինի նաև աղջիկների զինծառայության հարցը, այս մասին այսօր Պարույր Հայրիկյանն ասաց իր նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը։
«Մենք միայն պոռոտախոսությամբ չենք զբաղվի, որ մեր աղջիկները, տիկնայք փափկասուն… Ես կարծում եմ, որ մեր աղջիկները կամավորության սկզբունքով պետք է գնան մինչև 10 ամիս ծառայելու, որից 6 ամիսը կսովորեն, 4-ը` կծառայեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Լրագրողի հարցին, թե եթե ընտրվեք նախագահ, այլ ինչ փոփոխություններ կկատարեք բանակում, Պարույր Հայրիկյանը նախ շտկեց, ասելով, որ ինքը պատասխանում է միայն «երբ ընտրվեք նախագահ» հարցերին, ապա ասաց, որ իրավիճակի տերը դառնալով, բանակը կդարձնի ավելի բաց, միջազգային փորձը ավելի խորը կկիրառի, կսերտացնի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները:
«Ես ծանոթ եմ ռուսական բանակում տիրող բացասական երևույթներին: Ռուսաստանից էլ պիտի դրականները վերցնենք, եվրոպականից էլ: ՆԱՏՕ-ն մեկ աստիճան բարձր է: Բանակի ընդհանուր վիճակը կարելի է գնահատել բավարար, բայց բավարարից հետո կա լավ, հետո՝ գերազանց»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը նաև ասաց, թե կարծում էր, որ խոսքով՝ բանակում նկատվող բացասական երևույթները գալիս են այն ժամանակներից, երբ «բանակ մեզ պետք չի» ասողները հանկարծ դարձան բանակի հիմնադիր: Հայրիկյանը նշեց, որ կարծում էր` Սեյրան Օհանյանին կհաջողվի ավելի շուտ այդ ամենը վերացնել, սակայն, հավանաբար, ինչ-որ խանգարող բաներ դեռ կան:
«Այն ժամանակներից սկսվեց այլանդակությունը, որովհետև նրանք քրեական տարրերի վրա պիտի հիմնվեին: Այսպես կոչված «Երկրապահը», որի խնդիրը երկիր պահելը պետք է լիներ, գրասենյակներ էր քարուքանդ անում»,- ասաց Հայրիկյանը:










