ՀԱԿ անդամը հասկացել է Անդրիաս Ղուկասյանի հացադուլի պատճառը
ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երկար մտածելուց հետո հասկացել է, թե ինչ նպատակով է հացադուլ հայտարարել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։
«Նա երկու խնդիր է լուծում: Առաջին խնդիրը լուծում է մեզ համար, ՀՀ քաղաքացու համար, որովհետև հավանական է, որ իր մաշկի վրա որպես քաղաքացի այդ ահ ու սարսափը զգացել է։ Երկրորդ խնդիրը լուծում է հենց իր համար»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա։
Իսկ թե անձնական նպատակը որն է, Գուրգեն Եղիազարյանը բացատրեց։ «Հայաստանում ունենք մարդ, որը լրատվամիջոցների հավաքածու ունի։ Իսկ այն լրատվամիջոցը, որն իր ուղիղ հավաքածուի մեջ չէ, և ցանկանում է ձեռք բերել, այդ դեպքում՝ արդեն վերջ. լրատվամիջոցի տերը կուզենա, չի ուզենա, ոչ ոք նրան չի հարցնում»,- նշեց նա՝ առանց կոնկրետ անուն տալու և պարզաբանեց, թե Անդրիաս Ղուկասյանը նման ձևով ապահովագրում է իր ունեցվածքը։
«Եթե գան խլելու Սևանի իր լողափը կամ ռադիոն, այսօր նա հիմքեր ստեղծեց, որ այդ դեպքում նա կհայտարարի, որ վերցնում են, քանի որ դեմ էր դուրս եկել բռնապետությանը։ Անդրիասը իմ կարծիքով ՀՀ քաղաքացու սեփականության իրավունքն է սկզբում ուզում պահպանել»,- նշեց նա։
Նշնք, որ մինչ այդ նա հայտարարել էր, որ գիտի, թե մյուս թեկնածուները, բացառությամբ նաև Արամ Հարությունյանի, ինչի համար են մտել մրցապայքարի մեջ և ինչ են ուզում դրա դիմաց ստանալ։










