Շտեմարաններ կազմելու մոտեցումը խայտառակ սխալ է. Դավիթ Գյուրջինյան
Լուսանկարը՝ ankakh.com-ի
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը համարում է, որ հայոց լեզվի 2013-ի շտեմարաններ կազմելու մոտեցումը խայտառակ սխալ է, քանի որ դրանցում ընդգրկված են բառեր, որոնք նույնիսկ գեղարվեստական տեքստերում չեն օգտագործվում,:
Այդպիսի բառերից են, օրինակ՝ «երկնառաք», «անդրենածին», «արիշ», «նայադ», «գուլ», «անայգ», «հրուտ», «քսու», «խանդակաթ», «խույր», «ագուգա», «ազազուն», «գոս», «բորոտ», «գռուզ», որոնք էլ առաջացրել են աշակերտների դժգոհությունը` պայմանավորված նրանց իմաստաբանական խրթինությամբ:
«Պատահաբար կարող է այդ բառերից մեկ-երկուսը 10-րդ դասարանում դրել են, բայց դա բոլորովին չի նշանակում, որ պիտի լիներ քննական նյութի մեջ: Կարող է պատահաբար լինի նաև դպրոցական դասագրքի մեջ՝ իբրև դժվար բառ բացատրված, որ երեխան հասկանա: Էլի չի նշանակում, որ դա արդի հայերենի բառապաշարի մեջ ամենակարևոր մասն է, և պետք է քննության մեջ երևա այդ բառամթերքը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Լեզվաբանը զվարճալի է համարում այդ բառերի` քննական առաջադրանքներում ընդգրկելը և նշեց, որ հնարավոր է՝ շտեմարան կազմողները դպրոցից գաղափար չունեն, ոչ էլ լեզվական զգացողություն, այսինքն` լեզվական անհրաժեշտ պատրաստություն չունեն, որ իմանան բառի կենսագրությունը:
«Օրինակ՝ «ճահուկ» բառը, որ նշանակում է աղվեսների խումբ, երբևէ չի հանդիպում, բայց քանի որ սովորեցնում են կենդանիների խմբերի անունները, որոշել են դա էլ դնել: Որքան էլ դնեն, միևնույնն է հայ ժողովուրդը այդ բառը չի օգտագործվում, և աղվեսների խումբ էլ որպես այդպիսին հաճախ չի տեսնում, որ անհրաժեշտություն ունենա այդ բառը օգտագործելու»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Լեզվաբանի խոսքով՝ նախորդ տարիների շտեմարանների մեջ նույնպես եղել են նման բառեր: «Բառերը վերցնում են բառարաններից, նախորդ շտեմարաններից, դպրոցական դասագրքերից: Հնարավոր է՝ կազմողների մեջ ուսուցիչ լինի, դասախոս լինի կամ դպրոցին կապված մեկը, կարևոր չէ»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Բացի այդ, լեզվաբանը ասաց, որ շտեմարաններում խնդիրը միայն բառերը չեն: «Ժամանակը չի հաշվարկվել, թե այդ ժամանակի մեջ դիմորդը կկարողանա այդքանը լրացնել, թե ոչ: Հաշվի չեն առել, որ այդ առաջադրանքները հստակ չեն ձևակերպված և բազմաթիվ ուրիշ բաներ»:










