Մալիում իսլամիստները պատմական ձեռագրերի գրադարան են հրկիզել

17:18 • 28.01.13

Մալիի Տիմբուկտու բնակավայրից հեռացող իսլամիստներն այրել են մի գրադարան, որում պահպանվում էին բացառիկ հին ձեռագրեր, տեղեկացնում է Газета-ն՝ Reuters գործակալությանը հղումով։


«Զինյալներն այրել են «Ահմեդ Բաբա» ինստիտուտի նոր շենքը, որը կառուցվել էր Հարավաֆրիկյան Հանրապետության օժանդակությամբ»,-հայտարարել է քաղաքապետ Խալե Ուսմանը։


Վնասի չափերը դեռ հայտնի չեն։
 

«Ահմեդ Բաբա» ինստիտուտը հիմնադրվել է 1979թ.-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջնորդությամբ։ Դրանում պահպանվում էին ձեռագրեր, որոնցից ամենահինը թվագրվում է 12-րդ դարով։

 

Ինչպես գրում էր Le Figaro պարբերականը, երկուշաբթի Մալիի բանակը Ֆրանսիայի զորքերի հետ մոտեցել է ռազմավարական նշանակություն ունեցող Տիմբուկտու քաղաքին։ «Ալ-Կաիդա»-ի և իսլամական Մագրիբի» զինյալ խմբավորումները լքում են քաղաքը։
 

Դաշնակից զորքերին արդեն հաջողվել է վերահսկողության տակ վերցնել տեղի օդանավակայանը։
 

Անցյալ տարվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ևս մեկ արժեք էր ոչնչացվել։ Վնասվել էր սիրիական «Հին Հալեպը», որի պատմական շուկան հրդեհվել էր կառավարական զորքերի և ապստամբների բախումների հետևանքով։