ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ քննարկել են քաղաքացիական չվերթերի հարցը
Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ժակ Ֆորը՝ Ֆրանսիայից, Իեն Քելլին՝ ԱՄՆ-ից) այսօր հանդիպել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հայտնում է կառույցը՝ իր տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները նախարարների հետ քննարկել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված աշխատանքային առաջարկները, որոնք նրանք կողմերին էին ներկայացրել 2012-ի հոկտեմբերին: Նրանք նաև կարծիքներ են փոխանակել վստահության ամրապնդման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից քաղաքացիական չվերթերին վերաբերող հարցեր, որի ընթացքում համանախագահները հղում են կատարել 2011-ի ապրիլի 14-ին և 2012-ի հուլիսի 13-ին իրենց արած համապատասխան հայտարարություններին:
Նախարարներն ու համանախագահներն ընդգծել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կարևորությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ բանակցությունների կտրվածքով:
ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորման ու բանակցությունները շարունակելու սկզբունքներին:
Առաջիկա շաբաթներին նույն ձևաչափով նոր հանդիպում է նախատեսվում:










