Վրաստանի նախագահը զարմացած է Հայոց պատրիարքարանի «քաղաքականացված» հայտարարությունից

14:52 • 28.01.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զարմացած է «վրացական բանտերից ռուս գործակալների ազատ արձակմանն» առնչվող հայտարարության վերաբերյալ Վրաստանի Հայոց պատրիարքարանի «քաղաքականացված» արձագանքից, տեղեկացնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը։

 

«Նախ ցանկանում ենք մեր խորին հարգանքը հայտնել մեր համաքաղաքացի էթնիկ հայերին և Վրաստանի Հայոց պատրիարքարանին։ Այս երկրի բոլոր քաղաքացիները, անկախ նրանց էթնիկ ծագումից և հավատքից, հավասար են»,-ասված է հայտարարության մեջ։

Դրանում նշված է, որ Վրաստանում այսօր կան քաղաքական և հանրային խմբեր, որոնք իրենց քաղաքական հեռանկարը կառուցում են «ֆոբիաների, այդ թվում՝ հայաֆոբիայի վրա»։ Վրաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նման մոտեցումներն անընդունելի են։

 

«Այս ֆոնի վրա զարմանալի է Հայոց պատրիարքարանի հայտարարությունը, որն առնչվում է բանտից Վրաստանի քաղաքացի Վահագն Չախալյանի ազատ արձակմանը։ Նախագահն ընդգծել է, որ Չախալյանի էթնիկ ծագումը որևէ նշանակություն չի ունեցել, և գործն առնչվել է Վրաստանի քաղաքացու հանցավոր գործունեությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նախագահի աշխատակազմից հայտնել են, թե Վրաստանի նախագահը մեկ անգամ չէ, որ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել համաներման և,հատկապես, «ռուսական գործակալների» ազատ արձակման վերաբերյալ։


Հիշեցնենք, որ Հայոց պատրիարքարանը տեղեկություն էր տարածել, որում կոչ էր արել Վրաստանի նախագահին և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը՝ զերծ մնալ վերջերս համաներմամբ ազատ արձակված հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի մասին սադրիչ հայտարարություններից։