Ընտրությունների 2-րդ փուլն անխուսափելի է, եթե հիմնական թեկնածուների որևէ միավորում չլինի. Պ. Հայրիկյան
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, այսօր իր նախընտրական շտաբում պատասխանելով լրագրողների հարցերին, կարծիք հայտնեց, որ եթե 4 հիմնական թեկնածուների (Պարույր Հայրիկյան, Հրանտ Բագրատյան, Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովհաննիսյան) որևէ միավորում տեղի չունենա, ապա, հավանաբար, ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է։
Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ ինքը ցանկանում է, որպեսզի այդ 4 թեկնածուները միավորվեն: «Կարծես թե, հնարավոր են փոփոխություններ, թեկնածուների միավորումներ, որին մարդիկ շատ են սպասում: Միասնական թեկնածուի տարբեր անուններ նշելիս մարդիկ ավելի հակված են ձայն տալ ձեր խոնարհ ծառային»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանի խոսքով` նախագահին ձայն տվող մարդկանց մոտ 40%-ը շատ հանգիստ պատրաստ է վերակողմնորոշվել։ Ըստ նրա՝ շարքային քաղաքացիների գնահատմամբ, ինքն առաջին տեղում է՝ որպես «ծրագիր կրող» քաղաքական գործիչ, բայց 3-րդ տեղում է՝ որպես այդ ծրագրերը կյանքի կոչելու ընդունակ մարդ:
«Ցանկացած դեպքում համախմբումը խիստ շահեկան է, բայց այդ միավորման դեպքում կրկին կան նախապատվություններ, մարդիկ կողմնորոշված են, որ Հայրիկյանը լինի: Այդ ուսումնասիրությունն արել է մեր հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը: Եթե միավորվենք մինչև 70% ձայն կարող ենք հավաքել: Ապշելու բան է»,- ասաց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի խոսքով, ամեն մարդու դիրքորոշումը, նրա կատարողականությունը որոշվում է նրա անցած ճանապարհով:
«Ես տեսնում եմ, որ եթե իմ շուրջ համախմբվեն, մենք առաջին փուլում շատ հեշտ հաղթելու ենք: Նախապատվությունը մարդիկ տալիս են ինձ` երևի փորձառության և անցած ուղու վրա հիմնվելով: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քիչ ավել ձայներ ունի, բայց եթե միավորվեն ձայների տեղաշարժ է կատարվում»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Ամեն դեպքում Հայրիկյանն ասում է, որ միավորումը պետք է իր շուրջ կատարվի, քանի որ նախաձեռնող կողմը ինքն է, սակայն, եթե որևէ քայլ կարող է նպաստել իր ծրագրերի իրականացմանը, ինքը կարող է միավորվել որևէ թեկնածուի շուրջ:
«Ծրագրերն այն են, ինչ հավիտենական է մնում, իսկ աթոռը չի մնում: Ես նույն մեխանիզմով աշխատել եմ 96-ին` լինելով առաջինը հանել եմ իմ թեկնածությունը հանուն գաղափարների: Մի անգամ դա արած մարդը կարող է 10-րդ անգամ էլ անել»,- ասաց Հայրիկյանը:










