Թայվանցի միլիարդատերը կստեղծի Նոբելյան մրցանակի չինական կրկնօրինակը
Թայվանցի միլիարդատեր Սեմուել Ինը հայտարարել է «Թան» (Tang Prize) գիտական մրցանակի ստեղծման մասին, որը կշնորհվի յուրաքանչյուր երկու տարին մեկ, հայտնում է Лента-ն։
Մրցանակակիր կարող է դառնալ աշխարհի յուրաքանչյուր երկրի քաղաքացի, իսկ դրամական պարգևը կգերազանցի Նոբելյան մրցանակակիրների պարգևատրման չափը։ Այդ մասին հաղորդում են Интерфакс գործակալությունը և Washington Post պարբերականը։
«Թան» մրցանակը կշնորհվի 4 անվանակարգերում՝ բիոբժշկություն, կայուն զարգացում, չինագիտություն և իրավաբանություն։
Գործարարի խոսքով՝ ընտրվել են հենց այս ուղղությունները, քանի որ Նոբելյան մրցանակը դրանք չի ծածկում, այն դեպքում, երբ նրանք կարևոր նշանակություն ունեն մարդկության համար։ Հաղթողների ընտրությամբ կզբաղվի Թայվանի ազգային ակադեմիայի հատուկ հանձնաժողովը։
Ֆոնդի նախնական չափը կկազմի 103 մլն դոլար։ Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 50 մլն թայվանյան դոլար (1.7 մլն ԱՄՆ դոլար)։
Մրցանակն իր անվանումը ստացել է Չինաստանի Թան կայսերական տոհմի (618-907թթ.) անունից, որի գոյության ժամանակաշրջանը համարվում է երկրի ամենաբարձր զարգացման շրջանը։
Սեմուել Ինը Ruentex Group ընկերության ղեկավարն է, նրա կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար։ Թայվանցի գործարարն առաջին անգամ չէ, որ մասնակցում է բարեգործական նախագծերի։ Ըստ չինական ԶԼՄ-ների՝ Ինը կրթաթոշակներ է տրամադրում 80 հազար ուսանողների։ 2011թ. Ինը հայտարարել էր իր կարողության 95%-ը բարեգործական նպատակներով տրամադրելու մասին։










