Սիրիայի ճգնաժամը երկու շաբաթում կհաղթահարվի, եթե Թուրքիայից գրոհայիններ և զենք չմատակարարվի. նախագահ Ասադ

23:10 • 28.01.13

Սիրիական ճգնաժամը հնարավոր է կարգավորել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, եթե ներկա կառավարության հակառակորդները Թուրքիայից գրոհայիններ և զենք չուղարկեն, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ում խոսքերը ներկայացնում է РИА Новости-ն` հղում կատարելով լիբանանյան ԶԼՄ-ներին:

 

Ասադը Դամասկոսում հանդիպել է արաբական երկրների ներկայացուցիչների հետ և գրեթե 3 ժամ տևած հանդիպման ընթացքում պատմել նրանց Սիրիայում իրավիճակի մասին:


Ինչպես հայտարարել է երկրի ղեկավարը, սիրիական բանակը վերջին շրջանում տիրել է նախաձեռնությանը դրսից ֆինանսավորվող գրոհայինների դեմ ռազմական գործողություններում և նրանց մի շարք լուրջ պարտությունների է մատնել:


Սիրիայի ուժայինները թույլ չեն տվել, որ մարտական գործողությունների 22 ամիսների ընթացքում «գրոհայինները լիակատար վերահսկողություն ունենան երկրի գեթ մեկ մարզում»:


Գրոհայինների խմբավորումները հիմնականում գործում են Թուրքիայի, Հորդանանի և Լիբանանի հետ սահմանակից շրջաններում և Դամասկոսի որոշ արվարձաններում:


Իսկ ինքնին Դամասկոսը, ներառյալ միջազգային օդանավակայանը, անվտանգ են, նշել է նախագահը:


Սիրիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը առաջիկայում ևս կշարունակի աջակցել Դամասկոսին, ընդգծելով, որ «Ռուսաստանը, Սիրիային աջակցելով, պաշտպանում է ոչ թե այնտեղ իշխող վարչակարգը, այլ ինքն իրեն»:

 

Նա նաև ասել է, որ Դամասկոսը կշարունակի համագործակցել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ:

 

Նախագահ Ասադը կարծում է, որ Սիրիան կարողացել է անցնել ճգնաժամի ամենադժվարին փուլը, իսկ առաջիկայում կառավարությունը շատ գործ ունի անելու՝ մասնավորապես փախստականների վերադարձի և երկրի վերականգնման հարցերում: