Քաղաքապետարանը նախաձեռնել է շուրջ 300 զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր

13:37 • 28.01.13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան, երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրն իրենց որդիների հետ նշելու, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ինչպես և նախատեսվել էր, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից նախապես ներկայացված ցուցակների համաձայն ընտրվել են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց որդիները ծառայում են արդեն ավելի քան մեկ տարի:


Նաև զեկուցվել է, որ ողջ ճանապարհի երկայնքով ավտոբուսներին կուղեկցեն Ճանապարհային ոստիկանության մեքենաները։ Բացի այդ, յուրաքանչյուր ավտոբուս ապահովվել է նաև մեկ բժշկով: Պատասխանատուները նշել են, որ ապահովված է նաև քաղաքացիների սնունդը:


Զեկույցն ընդունելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, շնորհավորել ծնողներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթել նրանց բարի երթ:


Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նման նախաձեռնության համար՝ ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին շնորհավորել են Տարոն Մարգարյանին տոնի առիթով և նկատել, որ նման նախաձեռնություններով հերթական անգամ փաստվում է, որ քաղաքային իշխանությունը, իսկապես, բարձր է գնահատում Հայոց բանակի դերն ու նշանակությունը: