Լոս Անջելեսում հայտարարվել են ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի հաղթողները (լուսանկարներ)
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան կիրակի օրը հայտարարել է ամենահեղինակավոր անվանակարգերում հաղթողների անունները, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։
Այսպիսով՝ լավագույն դերասանական կազմ է ճանաչվել Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմի աշխատակազմը։ Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակ է ստացել Դենիել Դեյ Լյուիսը, ով մարմնավորել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Աբրաամ Լինքոլնին՝ «Լինքոլն» ինքնակենսագրական ֆիլմում։ Իսկ կանացի լավագույն դերակատարման համար պարգևատրվել է Ջենիֆեր Լոուրենսը («Իմ ընկերը հոգեկան հիվանդ է»), ով այս անվանակարգում իր ետևում է թողել Ջեսիքա Չեսթեյնին, Մարիոն Կոտյարին, Հելեն Միրենին և Նաոմի Ուոթսին։
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման անվանակարգում հաղթել է Թոմի Լի Ջոնսը («Լինքոլն»), իսկ Էն Հեթեուեյը («Թշվառները») մրցանակի է արժանացել նույն անվանակարգում՝ որպես երկրորդ պլանի լավագույն կին դերակատար։
Ինչ վերաբերում է հեռուստատեսային անվանակարգերին, ապա լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Դաունթոն աբբայություն»-ը, իսկ «Ամերիկյան ընտանիք» սերիալն էլ հաղթել է լավագույն հումորային սերիալ անվանակարգում։ Սերիալի կամ մինի սերիալի լավագույն դերասան է ճանաչվել Քևին Քոսթները («Հեթֆիլդներն ու ՄըքՔոյները»), լավագույն դերասանուհի՝ Ջուլիանա Մուրը («Խաղը փոխվել է»)։
Ավանդաբար Գիլդիայի մրցանակաբաշխությունը բավական հստակ կանխատեսումներ է անում «Օսկար» մրցանակաբաշխության վերաբերյալ։ Փետրվարի 2-ին իր մրցանակները կհանձնի նաև ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիան, ինչով էլ վերջ կդրվի «նախաօսկարային սեզոնին»։










