Բրազիլիայի Kiss ակումբում ելույթ ունեցող երաժիշտներն ընդունել են իրենց մեղքը
Բրազիլիայի Kiss ակումբում օրերս ելույթ ունեցած «Gurizada Fandangueira» խմբի մասնակիցները, որոնց շոուի պատճառով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 233 մարդ, ընդունել են իրենց մեղքը և պատրաստ են պատասխանատվություն կրել, հայտնում է Взгляд-ը։
«Մենք չենք խուսափում պատասխանատվությունից։ Մեր խմբի երկու մասնակից ձերբակալված է։ Եվս մեկը մահացել է։ Եթե այդպես պետք է լինի, նրանք կմնան բանտում։ Օգտագործված հրավառությունը չպետք է ոչ ոքի մահի պատճառը դառնար, առավել ևս խմբի մասնակցի։ Մենք այն օգտագործեցինք տոնակատարության համար, ինչպես և անում էինք միշտ»,- գրել են երաժիշտները Facebook կայքի իրենց խմբի էջում։
«Մեզ դատապարտելը հեշտ է։ Մենք նույնպես մտերիմներ ենք կորցրել, ինչպես մյուսները։ Այո, մենք մեզ մեղավոր ենք զգում։ Մենք վճարում ենք մեր սխալի համար։ Բանտը դա ամենաքիչն է մեզ համար այս իրավիճակում»,- նշվում է հաղորդագրությունում։
Բրազիլական Սանտա Մարիա քաղաքի քննիչներն ավելի վաղ չէին բացառել, որ ոչ կանխամտածված սպանության մեղադրանքներ կներկայացվեն այդ օրը ելույթ ունեցող երաժիշտներին։










