«Գարեգին Նժդեհ» ֆիլմը Սերժ Սարգսյանը գերազանց է գնահատել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Գարեգին Նժդեհ» ֆիլմը դիտելուց հետո այն գերազանց է գնահատել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողներին տեղեկացրեց Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ու ընդգծեց, որ ֆիլմի երկու ցուցադրություններից հետո հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները խոսում են նրանց ստացած լավ տպավորությունների մասին:
Նշենք, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Ֆիլմի երկու՝ փակ և բաց, պրեմիերաները տեղի են ունեցել հունվարի 27-ին և 28-ին: Հիշեցնենք, որ մինչև այդ Facebook-ում սուր քննադատության էր արժանացել ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը:
Վերջինս անդրադառնալով հենց այս հարցին՝ նշեց, որ հայկական սովորություն է՝ մեկը մյուսի աշխատանքը քննադատելը:
«Այս երկրագնդի վրա իդեալական բան չկա: Ստացվել է այն, ինչին մենք նպատակ ենք դրել ու ուզեցել ենք հասնել: «Я Гарегин Нжде» այդ խոսքի հիման վրա մենք տեսել ենք մեր աշխատանքի արդյունքը, երբ ես դուրս եկա ու տեսա, որ տղաները ձնագնդի են խաղում ու նույն բառերն արտաբերում, մեծ ոգևորություն ապրեցի»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ Արտաշես Ալեքսանյանը նշեց, որ ինքը բոլոր քննադատություններին հումորով է վերաբերում և հիշեցնում, որ ուրիշի ջրաղացին չի կարելի ջուր լցնել:
«Ես չեմ ասում չքննադատեն, դա էլ իրենց գործն է: Եթե չանեն աշխատավարձ չեն ստանա: Մենք մերը կանենք, իրենք՝ իրենցը»,- ասաց նա:
Նժդեհի ստեղծած կառավարության արդարադատության նախարար Հովհաննես Դևեճյանի դերակատար Վիգեն Ստեփանյանը նշեց, որ ցանկացած մարդ պետք է քննադատի միայն իր տեսածը:
«Օրինակ՝ ես ո՞նց կարող եմ քննադատել, ասենք՝ ինչ-որ մի ձկնորսի բողոքը, եթե ես դրանից տեղյակ չեմ: Դա միայն այն զավեշտալի մթնոլորտն է, որ տիրում է երկրում՝ ամեն ինչին ծաղրել, ամեն ինչին հեգնանքով վերաբերել, ամեն ինչի հետ «փոստ» կապել: Մենք այդքան էլ շատ չունենք լավ դերասաններ, իսկ Արտաշես Ալեքսանյանը ավարտել է Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցը, նկարվել բազմաթիվ ֆիլմերում: Սերիալն էլ է նրա աշխատանքը, մեր աշխատանքը: Ինձ համար ցավալին այն է, որ մենք ունենք քաղաքային մի շերտ, որ ամեն ինչի նայում է ծաղրելով։ Ինչքա՞ն կարելի է մերը նվաստացնել, չհարգել»,- ասաց նա և ընդգծեց, որ եթե վաղը Կոմիտասի մասին ֆիլմ նկարվի կրկին ծաղրանքի կարժանանա:
Վիգեն Ստեփանյանն ընդգծեց, որ ծաղրանքի է արժանի այն, որ մի ամբողջ սերունդ անգրագետ է մեծանում և չի ճանաչում իր մեծերին:










