ՀՀ պետռեգիստրում ընտրողների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ՝ 2.507.004
ՀՀ ոստիկանությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների 20 օր առաջ (29.01.2013 թ. դրությամբ) հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` 2.507.004։
Ընդհանուր ընտրողներից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված են 135 քաղաքացի։
ՀՀ–ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 2 մարդ։
Քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ոչ մի քաղաքացի չի ընդգրկված։
Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ նույնպես մարդ չի ընդգրկված։
Նշենք, որ պետռեգիստրում ընտրողների ընդհանուր թիվը հրապարակվում է ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:










