Christie's-ը վաճառել է Դյուրերի գրավյուրները 6 մլն դոլարով (լուսանկարներ)

09:34 • 30.01.13

Հեղինակավոր Christie's աճուրդի տունը Նյու Յորքում 6 մլն դոլարով վաճառել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի գրավյուրների (փորագրանկար) հավաքածուն, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով աճուրդի տան կայքին։

 

Դյուրերի գրավյուրների հավաքորդը, ում անունը չի հրապարակվել, կազմել է իր հավաքածուն 50 տարվա ընթացքում։ Մինչ աճուրդը, 62 գրավյուրներից բաղկացած հավաքածուն գնահատվել է 4,6 մլն դոլար։

 

Կայացած աճուրդի ամենաթանկ նմուշը ճանաչվել է «Ռնգեղջյուր» գրավյուրը, որը Դյուրերը ստեղծել է 1515թ.։ Նախապես «Ռնգեղջյուր»-ը գնահատվել է 100-150 հազար դոլար, սակայն այն վաճառվել է 866,5 հազարով՝ սահմանելով Դյուրերի աշխատանքների աճուրդային գնի ռեկորդ։

 

Մյուս թանկարժեք նմուշների շարքում են հայտնվել «Սբ Յուստաս»-ը ՝ 722,5 հազար դոլար, «Մելանխոլիա 1»-ը՝ 530,5 հազար դոլար, «Ադամ ու Եվա»-ն՝ 662,5 հազար դոլար։

 

Christie's-ի հաշվետվության մեջ նշվում է, որ Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ հաջողվել է վաճառել Դյուրերի ներկայացված աշխատանքների ընդամենը 76%-ը։