Երևանի զբոսաշրջային բրենդի մրցույթը հետաձգվում է մինչև մարտի 15-ը
Երևանի քաղաքապետարանը երկարաձգել է Երևանի զբոսաշրջային բրենդի մասին դեռևս անցած տարվա նոյեմբերն հայտարարված մրցույթը՝ ժամկետի ավարտը սահմանելով մարտի 15-ը, այս մասին այսօր հրավիրված ասուլին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:
Երևանի բոլոր մարկետինգային ընկերություններին նա կոչ արեց լինել ակտիվ և ներկայացնել իրենց աշխատանքները՝ հիշեցնելով, որ մրցույթին կարող են մասնակցել նաև անհատները:
«Մենք մրցույթի ավարտի սահմանված ժամկետը՝ հունվարի 30-ը, հետաձգել ենք, քանի որ հաշվի ենք առել, որ Ամանոր էր և ոչ բոլորն էն հասցրել մասնակցել: Երկարաձգելով՝ մենք հնարավորություն ենք տալիս այն բոլորին, ովքեր պարբերաբար քննադատում են Երևանի քաղաքապետարանին այս կամ այն պաստառի և այլնի ձևավորման համար, ներկայացնել ու առաջարկել իրենց տարբերակները»,- ասաց նա:
Մարիա Բարաղամյանը հորդորեց Երևանի զբոսաշրջության բրենդը չշփոթել Երևան քաղաքի գերբի, դրոշի և այլնի հետ, ապա ընդգծեց, որ դա մի բան պետք է լինի, որը կուղեկցի զբոսաշրջիկներին ամենուր:
«Մրցույթի ամփոփման արդյունքում պետք է որոշվի քաղաքի դեմքը, սիմվոլը և այլն: Այսօր մեր քաղաքը դեմք չունի, օրինակ, ինչպես Փարիզի համար Էյֆելյան աշտարակն է, Հռոմի համար Պիզայի աշտարակը և այլն: Մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ: Սրա պատասխանը մենք չունենք և հենց դրա համար է, որ հայտարարված է մրցույթը: Սրանից կախված է լինելու մի ամբողջ հարցերի պատասխաններ»,-ասաց նա:










