Հունիսին Երևան կժամանեն բազմաթիվ անվանի գործիչներ
Ամռանը՝ հունիսին, աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն մի շարք անվանի գործիչներ, որպեսզի նպաստեն ժողովուրդների միջև հաղորդակցությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց «Ժողովրդական դիվանագիտության առաքելության» համահիմնադիր Արման Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ այցի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։
Արման Սաղաթելյանը նշեց, որ այս նախաձեռնությունը ոչ միայն իր գաղափարն է, այլ նաև նույն «Ժողովրդական դիվանագիտության առաքելության» հիմնադիրներից էստոնացի Մելիս Կուբիտսինը:
«Երկու տարի առաջ մենք Բելառուսում հանդիպեցինք և հայտնաբերեցինք մի պարզ ճշմարտություն, որ թեև կա հետարքրքություն պետությունների միջև, բայց այս 20 տարիների ընթացքում անկախությունից հետո, երկու երկրների ժողովուրդները չեն շփվել միմյանց հետ: Մենք Սովետական Միության այն վերջին սերունդն ենք, որոնք այցելել են ու շփվել տարբեր ազգերի հետ»,-ասաց նա:
Արման Սաղաթելյանն ընդգծեց, որ այսօրվա երիտասարդությունը գրեթե հնարավորություն չի ունենում շփվելու այլ ազգերի հետ:
Մելիս Կուբիտսինն իր հերթին նշեց, որ հյուրերի հիմնական մասը Երևան է ժամանելու էստոնիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:
«Նրանք Հայաստանում կլինեն հունիսի 12-ին մոտ 500-600 մարդ: Մենք ուզում ենք այստեղի մարդկանց հետ շփումը մեծանա ու ավելի լավ ճանաչենք իրար: Տասնյակ տարիներ առաջ և նույնիսկ մի քանի հարյուր տարի առաջ մեր ժողովուրդները շատ ավելի շատ էին միմյանց հետ շփվում»,– ասաց նա:
«Սա բացառապես քաղաքացիական նախաձեռնություն է, և մենք ակնկալում ենք ջերմ հյուրընկալություն»,- ընդգծեց նա և տեղեկացրեց, որ երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունները աջակցում են այս նախաձեռնությանը:
Մելիս Կուբիտսինը նաև տեղեկացրեց, որ հենց հունիսի 12-ին Երևանի Ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի կունենա Միխայիլ Ժվանեցկիի համերգը, որը Հայաստանում չի եղել ավելի քան 25 տարի, նկարիչ Դովլաթովի աշխատանքների ցուցահանդեսը և մի շարք այլ հետաքրքիր միջոցառումներ:
Նա նաև նշեց, որ հետագայում հայ գործիչները ևս հնարավորություն կունենան այցելել Էստոնիա:










