Բարբարա Սթրեյզանդը ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխությանը

12:15 • 31.01.13

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ելույթ կունենա ԱՄՆ-ի կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցականաբաշխության շրջանակներում, հայտնում է Лента-ն ՝ հղում կատարելով Reuters-ին։

 

Միջոցառման պրոդյուսերներ Քրեյգ Զադանն ու Նիլ Մերոնը հայտարարել են, որ «իրենց համար մեծ պատիվ է այն, որ Սթրեյզանդը համաձայնել է ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխությանը»։
«Նման միջոցառումը, որտեղ պատվում են կինոարվեստն ու երաժշտությունը, թերի կլիներ առանց Բարբարա Սթրեյզանդի»,-նշել են պրոդյուսերները։

 

Սթրեյզանդի ելույթն «Օսկար»-ի շրջանակներում կլինի 2-րդը. առաջին ելույթը տեղի է ունեցել 1977 թ.։ Ելույթի հետ կապված մյուս մանրամասները գաղտնի են պահվում։

 

Ինչպես նշում է Reuters-ը, անձամբ Սթրեյզանդին ժամանակին շնորհվել է «Օսկար»-ի 2 արձանիկ. 1968թ. նա ճանաչվել է լավագույն դերասանուհի «Ծիծաղելի աղջիկը» երաժշտական կոմեդիայի կանացի գլխավոր դերակատարման համար, իսկ 1976թ. մրցանակի է արժանացել «Աստղի ծնունդը» ֆիլմի լավագույն սաունդթրեքի համար։ Բացի այդ, Սթրեյզանդը ևս 3 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի։

 

«Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին, Լոս Անջելեսում։