Թբիլիսահայերը բարեգործական համերգ են կազմակերպել՝ սիրիահայերին օգնելու համար

15:46 • 01.02.13

Թբիլիսիում տեղի հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ իրականացվող «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքի բարեգործական միջոցառումների շրջանակներում Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացել է դասական երաժշտության համերգ, որին իրենց մասնակցությունն են բերել տարբեր ազգության անվանի կատարողներ:

 

Համերգին ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև վրացի և օտարերկրյա հյուրեր:


Համերգը սկսվել է մարտական գործողությունների հետևանքով ռմբակոծությունների ենթարկված Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասի ներկա իրավիճակն և առօրյան արտացոլող կադրերի ցուցադրմամբ:


Համերգի հրավիրատոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը նախատեսված է փոխանցել սիրիահայերի օգնության ֆոնդին:
Դրամական հանգանակությամբ հանդես է եկավ նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը` արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:

 

Բարեգործական համերգին մասնակցության համար կազմկոմիտեն շնորհակալագրեր է հանձնել համերգի բոլոր մասնակիցներին: