Հայտնի չինացի դերասան Ջեկի Չանը մուտք է գործել քաղաքականություն
Հայտնի չինացի դերասան Ջեկի Չանը մուտք է գործել քաղաքականություն: Այսօր չինական ԶԼՄ-ները հայտնել են, որ դերասանը մտել է ՉԺՀ-ի ազգային քաղաքական խորհրդատվական խորհրդի կազմի մեջ, հայտնում է RBK-ն:
Խորհրդի մշտական հանձնաժողովի անդամ Չան Վինկիի խոսքով 58 ամյա դերասանը նշանակվել է կազմակերպության հոնկոնգյան պատվիրակ:
Չինացի դիտորդները նշում են, որ դերասանի նշանակումը պատահականություն չէ: Նա հայտնի է հայրենասիրական և Չինաստանի կոմունիստական կուսակցության աջակցման իր հայտարարություններով, իսկ վերջին ժամանակներում սկսել է ավելի հաճախ մեկնաբանություններ տալ քաղաքական թեմաներով:
Այսպես՝ հունվարին դերասանը քննադատել էր Հոնկոնգի բնակիչներին, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում իշխանությունների դեմ և կոչ էր արել տեղական իշխանություններին հավաքները սահմանափակող օրենք ընդունել:
Ավելի վաղ, նա տեղական հեռուսաալիքով քննարկել էր կոռուպցիայի հարցը Չինաստանում և աշխարհի ամենակոռումպացված երկիր էր անվանել ԱՄՆ-ին:
Չանը նաև հանդես է եկել որպես գրաքննության կողմնակից, նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը գնում էր իր իսկ ֆիլմերի մասին: Դերասանի կարծիքով՝ «չինացիներին անհրաժեշտ է վերահսկել, հակառակ դեպքում նրանք կանեն այն, ինչ ուզում են»:










