Թբիլիսիում կայացել է սիրիահայերին հումանիտար օգնության նպատակով կազմակերպված բարեգործական համերգ

10:44 • 03.02.13

«Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքի բարեգործական միջոցառումների շարքի շրջանակներում Թբիլիսիում կայացել է սիրիահայերին հումանիտար օգնության նպատակով կազմակերպված բարեգործական համերգ։

 

Հունվարի 29-ին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացել է դասական երաժշտության համերգ, որին իրենց մասնակցությունն են բերել տարբեր ազգության անվանի կատարողներ: Համերգին ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև վրացի և օտարերկրյա հյուրեր:


Համերգը սկսվել է մարտական գործողությունների հետևանքով ռմբակոծությունների ենթարկված Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասի ներկա իրավիճակը և առօրյան արտացոլող կադրերի ցուցադրմամբ: Համերգի հրավիրատոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը նախատեսված է փոխանցել սիրիահայերի օգնության ֆոնդին:


Դրամական հանգանակությամբ հանդես է եկել նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը` արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ: Բարեգործական համերգին մասնակցության համար կազմկոմիտեն շնորհակալագրեր է հանձնել համերգի բոլոր մասնակիցներին: