Նժդեհի պերճանքն ու թշվառությունը՝ արդեն մեծ էկրանից

21:16 • 03.02.13

Հունվարի 27-28-ին VIP և փակ բնույթի ցուցադրումներից հետո Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը մեծ էկրանին մատչելի է նաև հանդիսատեսին:


Դեռ էկրան դուրս գալուց առաջ մեծ աղմուկ բարձրացրած ֆիլմը «դահլիճներ է հավաքում», ֆիլմի ընթացքում կարելի է լսել քննարկումներ և որպես կանոն՝ ծափահարություններ (ոչ այնքան բուռն)՝ ֆիլմի ավարտին:

 

2 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմի նախապատրաստական և նկարահանման աշխատանքները տևել են մեկ տարի: Սա վերջին շրջանի հայկական կինոյի թերևս ամենատպավորիչ մեծ բյուջեով աշխատանքներից է, եթե ոչ ամենամեծ բյուջեովը. 7 մլն ԱՄՆ դոլար:

Տպավորիչ է նաև դերասանական կազմը. բացի տեղացի հայտնի ու ոչ այնքան հայտնի դերասաններից (Արտաշես Ալեքսանյան, Շանթ Հովհաննիսյան, Քրիստ Մանարյան, Խորեն Լևոնյան, Ֆրիդա Յորք, Նազենի Հովհաննիսյան, Ռոբերտ Հակոբյան, Արմեն Մարգարյան, Արմեն Նավասարդյան, Դավիթ Թադևոսյան, Վիգեն Ստեփանյան և այլք) ներգրավված են նաև ռուսաստանյան կինոյի մի քանի հնչեղ անուններ, ինչպիսիք են Չուլպան Խամատովան և Միխայիլ Եֆրեմովը:

Ֆիլմի սցենարի հեղինակն է Քրիստ Մանարյանը, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը, երաժշտության հեղինակը՝ Հայկոն:

 

Ֆիլմը ստեղծողները ավելի վաղ հայտնել էին, որ իրենց աշխատանքը նվիրում են ՀՀ զինված ուժերի ստեղծման 21-ամյակին:

«Նժդեհի» պաշտոնական սինոփսիսում ասված է. ««Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը պատմում է հայազգի պանծալի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառապանծ ու դժվարին ուղու մասին՝ ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները»:

 

Ֆիլմի սինոփսիսի այլ տարբերակն է հայտնվել նաև ռուսական կինոբազաներից Kinopoisk.ru-ում, որտեղ սակայն ասված է. «Ֆիլմը պատմում է ականավոր հայ քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մասին, որը 20-րդ դարի սկզբին պայքարում էր Հայաստանի կայացման և դրա տարածքային ամբողջականության պահպանման համար»: Ֆիլմը ֆիքսված է նաև IMDB միջազգային կինոբազայում. այստեղ ունի ռեյթինգի 10 միավորից 7,8-ը:

 

Սակայն ֆիլմի «մեսիջը»՝ ասելիքը, ավելի լայն է. ինչպես կարելի է դատել ֆիլմը ստեղծողների մատուցածից՝ նպատակը եղել է հայրենասիրության ոգեկոչումը՝ այդ երևույթի ամենահայտնի մարմնացումներից մեկի՝ Գարեգին Նժդեհի սխրանքների ու զրկանքների կինեմատոգրաֆիկ արտացոլման օրինակով:

 

Այնքան էլ հասկանալի չէ, սակայն, թե անշուշտ գովելի այդ առաքելությանը իր որ կողմերով է նպաստելու ֆիլմից առաջ ցուցադրվող խաղատան գովազդը՝ մեծ էկրանից: Պետք է կարծել, որ Նժդեհի թե՛ պերճանքը, թե՛ թշվառությունը որևէ լրացուցիչ ընդգծումների կարիք չեն զգում: 

լուսանկարում՝ հատված ֆիլմի պաստառից