Ֆլորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 56 տարեկան (լուսանկարներ, տեսանյութ)
Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 56 տարեկան։
Սիրված երգչուհին ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին, Գյումրիում:
Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
1973թ.-ից սկսել է հանդես գալ «Հանրապետական» ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այնուհետև ուսումը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երևան:
1978թ.-ին դարձել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունը: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:
1989թ.-ին ամուսնացել է, ունի 2 երեխա:
1991թ.-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին և շարունակել իր երաժշտական գործունեությունը:
1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ և Բըրբենք քաղաքներում հիմնել է «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:
2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:
2007թ.-ին հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման ոճրագործություններին «Այլևս երբեք» ասելու համար:
Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:
2011թ.-ի նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցել են Սթիվի Ուանդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ Նահանգների կոնգրեսական Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար:
Երգչուհին մահացել է Լոս Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդության հետևանքով։
Տեղեկատվությունը՝ Ֆլորա Մարտիրոսյանի պաշտոնական կայքէջի։










